«Առայժմ վաղ է խոսել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հնարավոր հանդիպման մանրամասների մասին», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։
«Մենք նոր առաջարկ ենք ստացել, այն պետք է ուսումնասիրվի, վերլուծվի», - ասել է Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին՝ որտեղ և երբ կարող է կայանալ Բայդենի և Պուտինի հանդիպումը։ «Առաջնորդները պայմանավորվել են այդ հարցերի քննարկումը թողնել դիվանագիտական խողովակներին», - ասել է Պեսկովը, հավելելով՝ առայժմ նախապատրաստական որևէ աշխատանք չի սկսվել։
Երեկ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Ջո Բայդենն առաջարկել է Վլադիմիր Պուտինին առաջիկա ամիսներին դեմ առ դեմ հանդիպում ունենալ՝ որևէ երրորդ երկրում։
Սպիտակ տունը միաժամանակ ընդգծել էր, որ այս առաջարկը չի փոխում Ռուսաստանի հանդեպ Բայդենի վարչակազմի՝ նախորդից առավել կոշտ դիրքորոշումը։