Մատչելիության հղումներ

Կանադան դադարեցնում է Ղարաբաղյան պատերազմում կիրառված ռազմական տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային


Ադրբեջան - Թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռրող սարքը ցուցադրվում է Բաքվում շքերթի ժամանակ, 10-ը դեկտեմբերի, 2020թ․
Ադրբեջան - Թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռրող սարքը ցուցադրվում է Բաքվում շքերթի ժամանակ, 10-ը դեկտեմբերի, 2020թ․

Կանադան դադարեցնում է ռազմական այն տեխնոլոգիաների մատակարարումը Թուրքիային, որոնք կիրառվել էին Ղարաբաղյան վերջին պատերազմում։ Խոսքը, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի համար օգտագործվող դետալների մասին է, որոնց մատակարարումը սառեցվել էր դեռ պատերազմի օրերին, բայց՝ ժամանակավորապես։ Երեկ արտգործնախարար Մարկ Գարնոն հրապարակեց վերջնական որոշումը, ընդգծելով՝ այն կայացվել է պաշտպանության նախարության հետ անցկացված մանրազնին հետաքննության արդյունքում, որը վստահելի ապացույցներ է գտել Լեռնային Ղարաբաղում կանադական սարքավորումների օգտագործման մասին։

Հետաքննությունն սկսվել էր պատերազմի օրերին, երբ սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares-ը հաղորդել էր, թե Ղարաբաղի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Wescam ընկերությունը։ Լրատվամիջոցներն, իրենց հերթին, պարզել էին, որ կանադական այդ ընկերությունը Ղարաբաղյան պատերազմի մեկնարկից առաջ նմանատիպ 7 համակարգ էր մատակարարել անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերությանը: Հաղորդումները մեծ աղմուկ էին բարձրացրել երկրում, վարչապետ Ջասթին Թրյուդոն փաստել էր՝ Կանադայի ներմուծման և արտահանման ակտը արգելում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

Պաշտոնական Անկարան դեռ այն ժամանակ էր բողոքարկել և պնդել, թե Օտտավան ոտնահարում է ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած հանձնառություններն ու սպասարկում հայկական սփյուռքի շահերը։ «Ակնկալում ենք, որ Կանադան երկակի ստանդարտներ չի կիրառի և զերծ կմնա իր երկրի ներսում հակաթուրքական շրջանակների ազդեցությունից ու նեղ քաղաքական շահերի գերին դառնալուց», - անցած հոկտեմբերին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարությունը։

Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարկ էր համարել այս դիրքորոշումը վերահաստատել նաև երեկ՝ կանադացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում։ «Նախարարն իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի հանդեպ սահմանված էմբարգոյի կապակցությամբ և հորդորել է Կանադային վերանայել այդ որոշումը», - Anadolu գործակալությանն ասել էր թուրք դիվանագետներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Օտտավան, մինչդեռ, ոչ միայն չվերանայեց, այլև է՛լ ավելի խստացրեց դիրքորոշումը․ երեկվա արգելանքը, ըստ լրատվամիջոցների, տարածվում է ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման մոտ երեք տասնյակ արտոնագրերի վրա։

Արտգործնախարար Մարկ Գարնոն հաստատել էր՝ որոշումը հրապարակելուց առաջ խոսել է թուրք գործընկերոջ հետ։ «Ես վերահաստատեցի Կանադայի ցանկությունը՝ երկխոսություն սկսել և մեխանիզմներ գտնել, որոնք կերաշխավորեն, որ ապագայում Թուրքիա մատակարարված կանադական սարքավորումները երրորդ երկրում չեն հայտնվելու», - հաղորդել է Գարնոն։

XS
SM
MD
LG