Մատչելիության հղումներ

Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենքի հարցով նախագահը ՍԴ է դիմել


Հանրապետության նախագահը որոշել է դիմել Սահմանադրական դատարան «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Այս մասին հայտնում են Արմեն Սարգսյանի աշխատակազմից` նշելով, որ օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

Օրենքները Ազգային ժողովը նախագահի ստորագրմանն էր ներկայացրել մարտի 22-ին:

«Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից», - կարծում է նախագահի աշխատակազմը:

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանն էլ հայտնել է, որ օրենքների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ և 173-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումն այսօր մուտքագրվել է:

Առաջարկվող փոփոխություններով քաղաքացին, օրինակ, կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ բողոքելով իր գործը քննող դատավորից։

Նախագծով սահմանափակումներ կդրվեն կողմերի միջնորդություններ ներկայացնելու, բացարկներ հայտնելու իրավունքի վրա։

XS
SM
MD
LG