Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արևելքում լարվածությունն ավելի ու ավելի է սրվում


Ուկրաինայի արևելքում՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող շրջաններում լարվածությունը գնալով ավելի ու ավելի է սրվում։ Դոնեցկում  հրադադարի խախտման դեպքերը վերջին օրերին ավելացել են երկուս ու կես անգամ, Լուգանսկում՝ տասնչորս, ահազանգում են ԵԱՀԿ դիտորդները։

Կիևը պնդում է, թե Մոսկվան նորանոր ուժեր է կենտրոնացնում Ուկրաինայի սահմանների մոտ, Կրեմլը հակադարձում է՝ ռուսական զորքի տեղաշարժը սեփական երկրի տարածքում որևէ մեկին չպետք է անհանգստացնի։

«Ռուսական բանակը աշխարհի որևէ երկրի համար վտանգ չի ներկայացնում, և մեր զինվորական ուժերը իրենց ստորաբաժանումներով, տեղաշարժվում ու տեղակայվում են երկրով մեկ՝ ըստ Ռուսաստանի Զինված ուժերի հայեցողության», - այսօր հայտարարել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով․ - «Դա չպետք է որևէ մեկի մոտ անգամ նվազագույն անհանստություն առաջացնի»։

Ղրիմի բռնազավթումից հետո, սակայն, Կրեմլի խաղաղասիրական այս հավաստիացումները քչերին են համոզում։ «Խորը անհանգստությամբ ենք հետևում Ուկարինայի մերձակայքում ռուսական զինուժի ակտիվությանը», - նախօրեին Թվիթերում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը՝ ևս մեկ անգամ Բրյուսելի անխախտ ու անսասան աջակցոթյունը հայտնելով Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Վերջին օրերին Կիևին աջակցող հայտարարություն էր տարածել նաև Հյուսիսատլանտյան դաշինքը, պաշտոնական Վաշինգտոնն էլ, ըստ նախագահ Զելենսկու, ամենաբարձր մակարդակով հավաստիացրել էր, որ վտանգի դեպքում Կիևին միայնակ չի թողնի։

«Մենք ունենք մեր բոլոր միջազգային դաշնակիցների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ու Եվրամիությանը լիակատար ու հետևողական աջակցությունը, և դրա ապացույցը հեռախոսազրույցն էր, որ ես ունեցա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Մենք մանրամասնությամբ քննարկեցինք իրավիճակը Դոնբասում, և նախագահ Բայդենը հավաստիացրեց ինձ, որ Ուկրաինան երբեք միայնակ չի մնա Ռուսաստանի ագրեսիայի դեմ», - անցած շաբաթավերջին հայտարարել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղը «Նյու Յորք թայմսը»՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Ռուսաստանը առնվազն չորս հազար զինվոր ու ծանր զրահատեխնիկա է տեղակայել Ուկրաինայի սահմանների մոտ։ Պենտագոնն էլ հաղորդել էր, որ առավելագույն բարձր պատրաստվածության աստիճանի է բերել Եվրոպայում տեղակայված իր զորամիավորումները։

Անթաքույց ռազմական պատրաստություն են տեսնում նաև անջատական շրջաններում․ «Աչալրջությունը չենք կորցնում, հարյուր տոկոսով պատրաստ ենք դիմակայել հակառակորդին», - նախօրեին «Ռոյթերզ»-ին ասել են Դոնեցկի անջատական ուժերի հրամանատարները։

Արդեն յոթ տարի Ուկրաինայի արևելյան այս շրջաններում անջատականների ու կառավարական ուժերի միջև շարունակվող մարտերում ավելի քան 13 հազար մարդ է զոհվել։

Վերջին օրերին իրավիճակը սրվել է նաև դիվանագիտական ճակատում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահամանվել մի շարք ռուսաստանյան կազմակերպություների՝ այդ թվում ԱՊՀ հարցերով զբաղվող «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության նկատմամբ։ Այսուհետ այդ կառույցների հաշիվները Ուկրաինայի տարածքում կսառեցվեն, առևտրային գործարքները կարգելվեն, չի թույլատրվի նաև վարձակալությամբ նրանց տարածք տրամադրել կամ վաճառել։

Կրեմլի խոսնակն այսօր բավական կոշտ է արձագանքել․ - «Շուտով թերևս մենք Ուկրաինայի հետ կհասնենք մի կետի, որտեղ փոխադարձ կապերի համար այլևս տեղ չի մնա»։

Անցած շաբաթ էլ Կրեմը զգուշացրել էր՝ եթե Արևմուտքը զորք ուղարկի Ուկրաինա, Ռուսաստանը հավելյալ քայլեր կձեռնարկի սեփական անվտանգությունը երաշխավորելու համար։ Թե հատկապես ինչ քայլերի է պատրաստ Ռուսաստանը, Պուտինի խոսնակը չէր հստակեցրել։

Երկուստեք այս զգուշացումների ու ռազմական պատրաստություններին ֆոնին այսօր հաղորդվեց, որ ամերիկյան կողմը բարձր մակարդակով շփումներ է սկսել Ռուսաստանի հետ Ուկարինայի հարցով։

«Ամերիկացիները մեզ իրենց մտահոգությունն են հայտնում, սակայն նրանք պետք է մտահոգվեն ոչ թե Ռուսաստանի ձեռնարկած քայլերով, այլ Կիևի անընդունելի պահվածքով», - ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ հավելելով․ - «Մենք Ռուսաստանի տարածքում անում ենք այն, ինչ հարկ ենք համարում, և ինչ-որ ամերիկյան զգուշացումներ դրա հետ ընդհանրապես կապ չունեն։ Մենք, կարելի է ասել՝ այդ ազդակները լիովին անտեսում ենք»։

Կիևը իր հերթին հաղորդել է, որ առաջիկա օրերին նախագահ Զելենսկին հեռավար հանդիպում է ունենալու Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ։ «Ուկրաինան խաղաղություն է ուզում։ Մենք պետք է կանգնեցնենք պատերազմը և վերադարձնենք մեր հողերն ու մարդկանց», - հայտարարել է Զելենսկու վարչակազի ղեկավարը՝ հավելելով․ - «Կիևը կանգ չի առնի, քանի դեռ չի հասել իր այդ նպատակին»։

Չնայած Նորմանդյան ձևաչափով՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկարինայի ղեկավարների մակարդակով, 2015-ին հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել, սակայն այն փաստացի մնում է միայն թղթի վրա։ Այս տարեսկզբից ուկարինական բանակը առնվազն 21 զինվոր է կորցրել, անջատականները՝ 23: Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Դոնբասը աշխարհի ամենաականապատված տարածքներից մեկն է հիմա։

XS
SM
MD
LG