Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե տեղեկություն չունի՝ արդյոք զինվորականները նախագահ Պուտինին ինչ-որ բան են զեկուցել Բաքվից հնչող հայտարարությունների վերաբերյալ, որոնց համաձայն Ղարաբաղում «Իսկանդեր»-ի օգտագործման հետքեր են հայտնաբերվել»։
«Որքան հասկանում եմ՝ դա նոր տեղեկություն է, ես չգիտեմ՝ զեկուցել են արդյոք մեր զինվորականները նախագահին, և արդյոք նրանք ինչ-որ հստակ ինֆորմացիա ունեն այդ մասին», - ասել է Դմիտրի Պեսկովը, միաժամանակ կրկնել ավելի վաղ ռուսական կողմի հնչեցրած հայտարարությունը՝ «Իսկանդեր»-ներ ղարաբաղյան պատերազմում չեն կիրառվել»։
«Դուք հիշում եք դրանց հետ կապված պատմությունը՝ դրանք հակամարտության ընթացքում չեն գործածվել, դա հաստատված է», - ընդգծել է Պուտինի խոսնակը։
Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալությունը, մինչդեռ, երեկ հայտարարել էր, թե Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդեր» հրթիռների մնացորդներ։ Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասել է, թե «համալիրների կիրառման մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»։