Մատչելիության հղումներ

Մարուքյանն «Իմ քայլ»-ին մեղադրում է ստախոսության մեջ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել


Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։

Նիստի նախաձեռնությունը իշխանական «Իմ քայլը» խմբակցությանն է։

«Կա հստակ հանրային պահանջ և լայն համախոհություն, և հենց այս փուլում մենք պետք է այս փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից: Այս հարցում բոլորս ենք համակարծիք: Եվ այսօր մենք հենց դա պետք է անենք»,- հայտարարեց օրինագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իշխանական խմբակցությանը մեղադրեց ստախոսության մեջ։

«Ես պլանավորել էի ոչ մի հարց չտալ, ամենայն անկեղծությամբ, ուղղակի, եթե ամբիոնից սուտ տեղեկություն չներկայացվեր, ձայն չէի վերցնի։ Դուք Վենետիկի հանձնաժողով եք ուղարկել մի նախագիծ՝ Վենետիկը կարդում ա մի հատ ուրիշ նախագիծ, ու խորհրդարան եք բերել արտահերթով ընդունելու մի հատ ընդհանրապես ուրիշ նախագիծ, ո՞ւմ եք ուզում մոլորեցնեք, խաբեք, մտախծում եք, որ էդ մարդիկ չեն տեսնում, որ ուրիշ բան ուղարկել, ուրիշ բան ընդունում եք», - ասաց Մարուքյանը։

Հովակիմյանը հակադարձեց՝ այն ինչ-որ այս փոփոխությամբ առաջարկվում է, առկա է մեծ փաթեթում։ «Այսինքն՝ այստեղ չկա որևէ նորություն, որը որ Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվել։ Այստեղ ընդամենը տարբերությունը կայանում է նրանում, որ այն մեծ փաթեթից որոշ կարգավորումներ ավելի շուտ են առաջարկվում ընդունել»։

Հիշեցնենք՝ իշխող ուժը որոշել է հրաժարվել վարկանիշային ցուցակներից և հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել փակ համամասնական կարգով։ ԼՀԿ-ն թեև դեմ է, իր բնորոշմամբ, խորհրդարանական ընտրություններից առաջ խաղի կանոնների փոփոխությանը, սակայն հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին՝ ցանկացած ընտրակարգով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG