Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանը շեշտում է՝ «Իմ քայլի» պատգամավորներն անկախ չեն, կատարում են կառավարության հրահանգները


«Խորհրդարանը` որպես գործադիրին հավասարակշռող, վերահսկող մարմին, մշտապես կասկածի տակ է դրել իր գործառույթները», - ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Ռազմական դրությունը վերացնելու նախագծի քվեարկության ժամանակ երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը իրավապաշտպանի կասկածները ցրել են, Զարուհի Հովհաննիսյանը հիմա համոզված է՝ անգամ հեղափոխությունից հետո ձևավորված Ազգային ժողովը փաստացի չի կատարում գործադիրին վերահսկելու ու հավասարակշռելու իր գործառույթները. «Այս փոքրիկ միջադեպը, որը հանրայնացվեց, գալիս է ապացուցելու, որ բոլոր որոշումները, որոնք ընդունում է Ազգային ժողովը, կարծես թե ստանում է կառավարության ինչ-որ տեղ կանաչ լույսը»։

«Իմ քայլը» խմբակցությունը նշված նախագծին կողմ է քվեարկելու», - խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այս հայտարարությանը հաջորդել էր նրա հետ իշխող ուժի պատգամավորներից 2-ի զրույցը։ Վերջիններս, ըստ ամենայնի, անակնկալի էին եկել խմբակցության ղեկավարի հայտարարությունից։ Իշխանական պատգամավորները օրեր առաջ դեմ էին ռազմական դրությունը վերացնելուն։

Մխիթար Հայրապետյան - Էս ի՞նչ նախագիծ ա, էսի ո՞ր նախագիծն ա:

Հակոբ Սիմիդյան - Ռազմականը հանելու:

Լիլիթ Մակունց - Արարատը խոսել ա կառավարության հետ, ասել են՝ հանեք:

Հակոբ Սիմիդյան - Լո՞ւրջ ես ասում....

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ «Իմ քայլում» պատգամավորներն անկախ չեն և կատարում են կառավարության հրահանգները. «Մենք տեսնում ենք, որ այս դեպքում հստակորեն խախտված է այդ բալանսը, և դրանից մենք կարող ենք ունենալ երկրում բավական լուրջ ճգնաժամեր»:

Երեկվա միջադեպի վերաբերյալ այսօր Լիլիթ Մակունցից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, օգնականը պատճառաբանեց նրա զբաղվածությունը։

Պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներն էլ դժգոհ են կառավարության վերաբերմունքից։ Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը և Գոռ Գևորգյանը երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հարցեր ուղղեցին գործադիրի անդամներին, սակայն բանավոր պատասխան չստացան։ Գործադիրից առաջարկեցին գրավոր հարցերն ուղղել։

Որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանը կառավարության այդ մոտեցման մեջ դիտավորություն է տեսնում. «Ակնհայտ էր վերջին հարցի և նրանց չպատասխանելու վարքագծից, արդեն հասկանալի էր, որ կառավարությունը որդեգրել է Ազգային ժողովի անկախ, կամ ինչպես ասում են, խմբակցույթյուններում չընդգրկված պատգամավորների հարցերին չպատասխանել, և հատկապես այն պատգամավորներին, ովքեր դուրս են եկել «Իմ քայլը» խմբակցությունից»:

Պատգամավորների հարցերին բանավոր չպատասխանելու կառավարության անդամների պահվածքի մեջ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ է խտրական վերաբերմունք տեսնում. «Այսպես իրավիճակ է ստեղծվել երկրում, որ Կառավարությունը, Կառավարության անդամները կամ Ազգային ժողովի պատգամավորները շատ հաճախ խտրական վերաբերմունքի են ենթարկում այն լրատվամիջոցներին կամ լրագրողներին, որոնք կարող են անհարմարավետ հարցեր հնչեցնել: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվում նաև Ազգային ժողովի ներսում. այն պատգամավորները, որոնք կարող են անհարմարավետ հարցեր հնչեցնել, ստանում են խտրական մոտեցում»:

Կառավարություն-Ազգային ժողով վերջին երկու հարցուպասխանների ընթացքում նկատելիորեն ավելացել են դեպքերը, երբ գործադիրից պատգամավորների հարցերին պատասխանելու փոխարեն առաջարկում են իրենց գրավոր դիմել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG