Իշխանությունը որոշել է հրաժարվել վարկանիշային ցուցակներից ու հունիսյան արտահերթ ընտրություններին մասնակցել միայն համամասնական ընտրակարգով, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացրել, որ մենք պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների, և ընտրությունները իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն առանց վարկանիշային ընտրացուցակի», - հայտարարեց վարչապետը:
Հնարավոր արտահերթին նոր Ընտրական օրենսգրքով մասնակցելուն դեմ է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, հիմնավորում են, թե ժամանակը քիչ է նոր ընտրակարգով ընտրություններին պատրաստվելու համար: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դժգոհում է, թե Փաշինյանը փոխում է խաղի կանոնները, արտահերթի օրակարգին համաձայնել են գործող կանոններով:
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ թե՛ «Լուսավոր», թե՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ղեկավարներն իր հետ հանդիպման ժամանակ չեն առարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, այն թողել եմ իշխանության հայեցողությանը. «Ասվել է, որ մենք կողմ չենք քվեարկի, որովհետև չենք ուզում կիսել ձեզ հետ քաղաքական պատասխանատվություն, եթե դուք ուզում եք փոխել, փոխեք, մենք խնդիր չունենք, մենք առնվազն դրան դեմ չենք արտահայտվի: Քաղաքական պայմանավորվածությունները նրբություններ ունեն, երբեմն եղանակն էլ է ազդում դրա վրա»:
Վարչապետը հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը, հակադարձում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նիկոլ Փաշինյանն անձամբ է պնդել, որ Ընտրական օրենսգիրքը չի կարելի փոխել առանց ընդդիմության հետ կոնսենսուսի, կոնսենսուս չկա, բայց փոխում են կարգը, դժգոհում է «Լուսավոր»-ի պատգամավորը:
«Փաստորեն, այսօր չունենալով կոնսենսուս ընդդիմության հետ, վարչապետը փորձում է փոխել Ընտրական օրենսգիրքը՝ տվյալ պարագայում մեղքը գցելով նաև «Իմ քայլը» խմբակցության վրա: Ինչպես չի պայմանավորվել, որ չի փոխվելու Ընտրական օրենսգիրքը, այդպես էլ չի պայմանավորվել, որ փոխվելու է Ընտրական օրենսգիրքը, սա էլ է կարևոր: Սա միանշանակ մենք համարում ենք խախտում ձեռք բերված պայմանավորվածությունների», - նշեց Գորգիսյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից վստահեցնում են, թե իրենց համար միևնույն է՝ որ Ընտրական օրենսգրքով կանցկացվի արտահերթը, բայց նոր նախագծի քննարկմանն ու անցկացման գործընթացին չեն մասնակցելու:
Փոփոխությունը միևնույն չէ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանի համար, նա ռեյտինգային կարգով ընտրված պատգամավոր է, ասում է՝ գործող կարգով քաղաքացիները կարող են ընտրել իրենց ցանկալի թեկնածուին, իսկ եթե չի ներկայացվում թեկնածուների ցանկ և քվեաթերթիկի վրա միայն քաղաքական ուժի անվանումն է, շահագրգռված չեն լինի մասնակցել ընտրություններին, թեկնածուներն էլ նույն եռանդով իրենց քաղաքական ուժի օգտին ձայներ չեն հավաքի:
«Ուրիշ է, որ Գրիգորյան Վարդևանը գնում է այդ հանդիպումներին կամ ճանաչելով Գրիգորյան Վարդևանին մեկը գնում է, ձայն է տալիս, ուրիշ է, որ կուսակցությանն է տալիս: Հիմա երկու տարբերակն էլ կա, բայց իհարկե, անհատի դերակատարությունը որպես թեկնածու ավելի բարձր կլինի, քան կուսակցության», - նշեց պատգամավորը:
Ընտրական օրենսգրքի առանցքային փոփոխությունը ռեյտինգայինից՝ վարկանիշային ցուցակից հրաժարվելն է, այս փոփոխությամբ քաղաքացիներն ընտրելու են քաղաքական ուժին ու դաշինքին, ոչ թե իրենց հարևանին կամ թաղի հայտնի դեմքին: Հանրապետական իշխանության օրոք չհաջողվեց անցնել ամբողջական համամասնականի, իսկ այս փուլում հատկապես քաղաքացիական հասարակությունն է պահանջում, որ առաջիկա հնարավոր արտահերթն անցկացվի այս համակարգով: Հիմնավորում են, որ նոր օրենսգրքով հնարավոր է զսպել արատավոր երևույթները. ընտրակաշառքը նաև բարեգործության անվան տակ, թաղային կրիմինալի ակտիվացումը: Ռեյտինգայինից համամասնական ընտրակարգին անցնելը ձեռնտու չէ այն քաղաքական ուժերին, որոնց հույսն ընտրակաշառքն ու թաղային հեղինակություններն են, կարծում է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Ռեյտինգայինից հրաժարվելուն խիստ դեմ են ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» շարքերում: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունում պնդում են, որ այս փոփոխությունը ձեռնտու է միայն իշխանությանը։ Կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի համոզմամբ՝ այն կուսակցությունները, որ նախկինում մասնակցել են ընտրություններին, պատրաստ չեն ամբողջական համամասնականով մասնակցել։
«Եթե մենք տարիներ շարունակ ունեցել ենք այլ ընտրական համակարգ, հատկապես այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին մշտապես աշխատել են այդ Ընտրական օրենսգրքով, կառուցվածքը ամբողջ ընտրությունների մասնակցելու՝ բովանդակությունը, կազմակերպչական աշխատանքները, ամբողջությամբ կառուցված է հենց գործող Ընտրական օրենսգրքով, և հիմա ճանապարհի կեսից փոփոխությունը բերելու է օգուտ միայն իշխանություններին», - ասաց Բաբայանը:
Փաշինյանի հրաժարականի պահանջով Դեմիրճյան փողոցը փակած շարժումից «Բարգավաճ Հայաստան» ու «Հայրենիք» կուսակցություններն են դեռևս հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին։ Արսեն Բաբայանն ասում է՝ անկախ ընտրակարգի փոփոխությունից, կմասնակցեն։ Բայց համոզված է, որ այս փոփոխությունից հետո ընտրողների մասնակցությունը կնվազի։
«Իմ համոզմամբ՝ այս իշխանությանը պարտադրել են այդ որոշումն ընդունել սորոսական թևի ներկայացուցիչները այն համոզմամբ, որ այս ընտրակարգով իրենք կարող է հնարավորություն ունենան անցնելու Ազգային ժողով», - նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը:
Խորհրդարանական ուժերից «Լուսավորը» բացառել է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ կոնսենսուս կձևավորի իշխանության հետ։ Իշխանությունից էլ պատգամավոր Խաչատրյանը արձագանքում է՝ Ընտրական օրենսգիրքը կընդունեն անկախ ընդդիմության կարծիքից։ Իշխող ուժը անհրաժեշտ 80 ձայնն ունի։