Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:
Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում անդրադարձ է եղել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ներկայացրել է իրենց դիրքորոշումն ու մոտեցումները՝ ընդգծելով, որ կարևորում են այդ ընտրությունները ներկայիս օրենսդրությամբ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումներից հետո, սակայն դեռևս պարզ չէ` հին, թե նոր Ընտրական օրենսգրքով են գնալու ընտրությունների: