Մատչելիության հղումներ

Շուշիի տիկնիկային թատրոնը կշարունակի գործել Արցախում, սակայն գույք չունեն


Շուշիի տիկնիկային թատրոնը կշարունակի գործել Արցախում: Տնօրեն Աշխեն Հարությունյանն ասում է՝ թատրոնը վերսկսել է գործել շրջիկ տարբերակով, իսկ թե Արցախում որտեղ և ինչ պայմաններում կաշխատեն, առայժմ պարզ չէ:

«Հիմա մենք Արցախի մշակույթի նախարարության հետ փորձում ենք տարբերակներ գտնել, թե ինչպես պիտի գործի թատրոնը, որովհետև տեխնիկական շատ խնդիրներ ունենք լուծելու: Նախ, թե որտեղ պիտի տեղակայված լինի թատրոնը, նաև թատրոնը փաստացի չունի ոչինչ հիմա, և՛ տիկնիկներ պետք է ձեռք բերենք, և՛ գույք պետք է ձեռք բերենք: Այդ ամեն ինչը ժամանակատար է, իսկ առայժմ քանի որ չենք կարող սպասել` այդ ամենն ունենանք, տեխնիկական խնդիրները լուծենք, և նոր միայն գործենք, առայժմ մենք ինքներս մեզ համար որոշել ենք, որ շրջիկ թատրոնի կարգավիճակով ենք գործում, և մենք ամեն օր մեր աշխատանքը շարունակում ենք, մեր փորձերն անում ենք օնլայն տարբերակով»:

Տիկնիկային թատրոնը գործում էր Շուշիի մշակույթի տանը, որը պատերազմի օրերին ռմբակոծվեց, տասնյակ մարդիկ զոհվեցին այդ ռմբակոծությունից։ Առանց թատրոնի մնացած տիկնիկայինի աշխատակիցների մի մասը հիմա Հայաստանում է, մի մասն էլ` Արցախում: Աշխեն Հարությունյանն ու ևս մեկ աշխատակից 2.5 ամիս է` աշխատում էին Գյումրիի տիկնիկային թատրոնում, բայց ազատման դիմում են գրել ու վերադառնում են Արցախ: Տնօրենը հիմա կարևոր խնդիրներից մեկը համարում է բոլորին իրար գլուխ հավաքելը. «Թատրոնի աշխատակիցների մի մասը դեռևս գտնվում է Հայաստանում, պետք է անպայման բնակարանների խնդիր լուծել, որպեսզի կարողանան վերադառնալ Ստեփանակերտ, և այնտեղ արդեն գործենք, որովհետև հիմա մենք մաս-մաս ենք աշխատում: Գյումրիի հատվածում դերասաններն այստեղ են աշխատում, ովքեր որ կան, Արցախինն այնտեղ են աշխատում և հետո գալիս, միավորվում ենք մի քանի օր միասին: Իհարկե, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղ մենք պիտի լինենք»:

Պատերազմի օրերին Շուշիի տիկնիկային թատրոնը Գյումրիում ապաստանած արցախցի փոքրիկների համար ներկայացում էր բեմադրել: Այս ընթացքում էլ հասցրել են և՛ Արցախում, և՛ Հայաստանում երկու ներկայացմամբ հանդես գալ։ Արցախից մի քանի օր առաջ են վերադարձել: Ծրագրում են նախ Ստեփանակերտում, հետո նաև այլ քաղաքներում ներկայանալ դպրոցականներին ու մանկապարտեզների սաներին. «Մենք վերջերս` մոտավորապես մի շաբաթ առաջ վերադարձանք Արցախից, «Պոչատ աղվեսի» ներկայացումը ցուցադրեցինք, պլանավորել էինք Ստեփանակերտի առայժմ բոլոր դպրոցներում ցուցադրել տարրական դասարանների երեխաների համար, բայց չհասցրեցինք, որովհետև 4 օր էինք այնտեղ, 4 օրում անհնար էր, օրվա մեջ 2-3 ներկայացում էինք ցուցադրում, և միևնույնն է` չէինք հասցնում: Մոտ ապագայում, ենթադրում եմ, ապրիլի երկրորդ կեսին մենք պետք է շարունակենք այն դպրոցներում, որտեղ չենք հասցրել ցուցադրել, նաև նախատեսում ենք մանկապարտեզներում ցուցադրել, իսկ երրորդ փուլով արդեն մայիսին էլ նախատեսում ենք Ասկերանում, Մարտունիում` դպրոց ու մանկապարտեզներում խաղանք»:

Թատրոնն առանց տիկնիկների է մնացել: Աշխեն Հարությունյանն ասում է՝ այս հարցը միայնակ չեն կարող լուծել. «Պատկերացրեք` Գյումրիի փողոցում մի կին տեսավ, ասաց` ես ձեզ տեսել եմ, «Երեք խուզուկներն» էինք ցուցադրում, և ես շատ եմ ուզում ձեզ օգնել, ինչ-որ բանով աջակցել: Այնտեղ չգիտեմ` ինչքան էր, շատ փոքր գումար էր, կամ այդ ժամանակ 200-300 դոլար, ես չեմ հիշում նույնիսկ գումարի չափը, ասաց` անձնապես ինձանից վերցրեեք, ինչ-որ բան արեք: Շարժական բեմ պատրաստեցինք, կտորներն առանք և հիմա արդեն ունենք շարժական բեմ: Տիկնիկային արվեստի գործիչների միության Հայաստանի կենտրոնը մեզ առաջարկեց թատրոնի գործող 5 տիկնիկային ներկայացումների համար տիկնիկներ պատրաստել: Իրենց համար էլ է դժվար, իրենք էլ պիտի հովանավորներ գտնեն, բայց ծրագիրն արդեն սկսված է, և մեկ ներկայացման տիկնիկներն արդեն պատրաստվում են: Հուսան` մոտ ամիսներում արդեն մենք մեր տիկնիկները կունենանք, իսկ մինչ այդ մենք ինքներս տիկնիկներ պատրաստեցինք: Պարզ է, որ մենք տիկնիկագործ չենք և պրոֆեսիոնալ տիկնիկներ չենք կարող, բայց գոնե հնարամտություն ցուցաբերեցինք, պլանշետային տիկնիկներ պատրաստեցինք»:

Առանց թատրոնի ու դրա գլխավոր դերակատար տիկնիկների մնացած տնօրենը հույսը չի կորցնում, որ մի օր կվերադառնան Շուշի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG