Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի որդին Երևան ժամանելուց հետո տեղափոխվել է ոստիկանություն. նրան մեղադրանք է առաջադրվել


Դոհա-Երևան չվերթով կեսգիշերն անց Հայաստան է ժամանել և ոստիկանություն տեղափոխվել 26-ամյա Տիգրան Խ.-ն, ով 2018թ. օգոստոսի 28-ից հետախուզվում էր, այս մասին հայտնում է ոստիկանությունը: «Ազատության» տեղեկություններով` խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասին է:

Նա մեղադրյալ էր ներգրավված Քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածներով հարուցված քրեական գործով:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս քրեական գործը երեկ է Քննչական կոմիտեից տեղափոխվել իրենց մոտ: Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ հոդվածներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ 2018-ին ՔԿ-ն հաղորդեց, որ Տիգրան Խաչատրյանը ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող «նևրասթենիա» և «նևրասթենիա, չափավոր արտահայտված» ախտորոշմամբ եզրակացություններ, որոնց հիման վրա՝ 2014 թվականին երկու անգամ ստացել է տարկետում` համապատասխանաբար 5 ամիս և 3 տարի ժամկետներով։ Այնուհետև` նույն ճանապարհով 2017 թվականի ձմեռային զորակոչին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում՝ այդպիսով խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG