Կառավարությունը հայտնում է, որ նախորդ նիստում հավանության արժանացած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի առնչությամբ ծավալվել են հանրային քննարկումներ, մշակվել, շրջանառվել և կառավարության քննարկմանն են ներկայացվել նախորդ ամռանը` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Միաժամանակ հայտարարում է, որ դրանք ՀՀ-ում ընթացող քաղաքական որևէ գործընթացի հետ կապված չեն, ինչպես նաև ուղղված չեն առանձին պաշտոնատար անձանց և/կամ ինստիտուտների դեմ:
Կառավարությունը մարտի 11-ի նիստում, հիշեցնենք, ընդունեց Ֆինանսների նախարարության առաջարկը, ըստ որի՝ պետք է ուժը կորցրած ճանաչվի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Հենց այս դրույթն է սահմանում, որ յուրաքանչյուր տարի պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեով հատկացվող գումարը չի կարող պակաս լինել նախորդ տարվանից:
Կառավարությունը պարզաբանման մեջ շեշտում է, որ այս որոշումը Կառավարության վերաբերմունքի դրսևորում որակելու փորձերն ամբողջությամբ առարկայազուրկ են:
«Առաջարկված օրենքների վերանայումները կապ չունեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի չափերի հետ և ազդեցություն չունեն հետագա տարիների պետական բյուջեներով նախատեսվելիք ծախսային ծրագրերի չափերի վրա։
Թվով 9 նախագծերով կարգավորումների վերանայումն ինքնին չի հանգեցնում և չի կարող հանգեցնել նշյալ ոլորտներում բյուջետային ծախսերի նվազման և առավել ևս՝ նպատակ չի հետապնդում նույնիսկ անուղղակիորեն կանխորոշել հետագա տարիների ծախսերի չափերը։ Ճիշտ հակառակը, առաջարկվում է վերացնել այն կարգավորումները, որոնք կարող են տպավորություն ստեղծել, թե կանխորոշում են հետագա տարիների բյուջետային հատկացումների չափերը և այդ նույն ժամանակ, ընդամենը, անհարկի իրավական մեկնաբանությունների տիրույթ տեղափոխել ակնհայտ համարժեք որոշումների կայացման գործընթացը», - շեշտում են գործադիրից։
Օրերս հրավիրված ասուլիսում ՄԻ պաշտպանը սա որակեց հակասահմանադրական նախագիծ` նշելով, որ այս նախագիծը ընդունվել դեպքում դիմելու է Սահմանադրական դատարան: