Մատչելիության հղումներ

ՏՏ ոլորտը` դպրոց. Գյումրիում մեկնարկել է «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» ծրագիրը


Կրթական դրամաշնորհներ տրամադրող Հայ Կրթական Հիմնարկությունը Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ այսօրվանից սկսում է փորձնական՝ «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը։ Մասնագետները հատկապես 44-օրյա պատերազմից հետո շատ են խոսում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու ու ռազմական արդյունաբերության մեջ այն կիրառելու մասին, համարում են, որ գործնական առաջին քայլերից մեկը ՏՏ ոլորտը դպրոց բերելն է:

Ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում Շիրակի մարզի ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների 50 աշակերտներ հնարավորություն ունեն երկու տարի մեծ պահանջարկ ունեցող ծրագրային ճարտարագիտություն, մեքենաշինություն, 3D մոդելավորում սովորել։

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամայլա Եղոյանն ասում է՝ պատերազմից հետո հասկացան, որ զինվորին բանակ պետք է նման գիտելիքով ճանապարհել. «Հայ Կրթական Հիմնարկության հետ պատերազմական իրավիճակից հետո քննարկում էինք ներդրումները ուղղորդելու հարցերը և երկուստեք եկանք համաձայնության, որ առավել քան կարևոր է ավագ դպրոցում հիմք դնել ինժեներական կրթությանը: Եվ հատկապես տղաների համար է կարևոր, քանի որ վերջիններս, ավարտելով դպրոցը, ժամանակ չունեն այլևս համալսարանի և անմիջապես գնում են ծառայության: Բանակում այդ գիտելիքները հաստատ կկարողանան նպատակին օգտագործել, իսկ դրա բացը մենք արդեն զգացինք պատերազմի ժամանակ: Ինժերենական կրթության շրջանակում երեխաները 2 տարում` 11-րդ և 12-րդ դասարանցիները կսովորեն ինժերենական տարբեր ուղղվածություններ, նաև ծրագրավորում և արտադրանքի ստեղծում: Ավարտին նախատեսում ենք, որ իրենք իրենց բարձրագույն կրթությունը կշարունակեն հենց պոլիտեխնիկական ուղղվածությամբ, չեն արտագաղթի մարզից, կմնան Գյումրիում: Մենք կփորձենք դեպի Գյումրի ուղղորդել ինժեներական ընկերություններ»:

Ծրագիրը ֆինանսավորող Հայ Կրթական Հիմնարկության Հայաստանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը նկատեց, որ ծրագրով նաև բազմաթիվ աղջիկներ են հետաքրքրված. «Մեր տղաներն ավարտելով ծրագիրը կկարողանան նաև բանակում օգտակար լինել: Սա ամենամեծ ռազմակավարական նշանակությունն է: Ինձ համար շատ ուրախալի փաստ է տեսնել աղջիկների մեծ ներգրավվածություն ծրագրում, քանի որ միշտ թյուր կարծիք, որ աղջիկները ավելի հեռու են ինժեներական կրթությունից, և շատ ուրախ կլինենք, որ երեխաները շարունակեն իրենց կրթությունը պոլիտեխնիկում, համալսարանում, այսինքն` համապատասխան մասնագիտացումը շարունակական կրթություն կունենա արդեն բակալավրի և մագիստրատուրայի աստիճաններում»:

Գյումրու Տնտեսագիտական վարժարանի աշակերտ Հայկուշ Հակոբյանն ասում է՝ չէր կարող մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը բաց թողնել. «Քանի որ շատ էի ուզում դառնալ ծրագրավորող, կարծում եմ` շատ լավ հնարավորություն է, և կարծում եմ` շատ հեռանկարային ու հետաքրքիր կանցնի, քանի որ շատ մասնագետներ են ներգրավված այս ծրագրի մեջ»:

Հաջողության դեպքում փորձնական ծրագիրը կընդլայնի աշխարհագրությունը։ Այն այլ մարզերում, ինչպես նաև Արցախում իրականացնելու մտադրություն ունեն:

XS
SM
MD
LG