Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատրաստվում է ԱԺ խորհրդին առաջարկել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ: Այս մասին նշված է Մարալ Նաջարյանի՝ ադրբեջանական գերությունից ազատվելու կապակցությամբ Միրզոյանի տարածած հաղորդագրությունում:
«Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանն ազատվեց ադրբեջանական գերությունից եւ արդեն գտնվում է Լիբանանում: Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթեւ Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին եւ անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում», - ասված է հայտարարությունում:
Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանը չորս ամիս գերությունից հետո ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ: