ՄԱԿ-ը անհիմն է համարում լրատվամիջոցների հրապարակումները, որոնց համաձայն ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը դադարեցվել է լրտեսության շուրջ մեղադրանքների պատճառով։
«Լրտեսական մեղադրանքները հիմք չունեն, և վճռականորեն պաշտպանում եմ նրան», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը՝ երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Ես կարող եմ միայն ասել այն, ինչ ինձ փոխանցել են ՅՈւՆԻՍԵՖ-ի իմ գործընկերները․ ըստ այդմ, ՅՈւՆԻՍԵՖ-ը և Հայաստանի կառավարությունը համաձայնել են, որ Մարիան Քլարկ-Հաթինգը կավարտի իր առաքելությունը որպես հայաստանյան ներկայացուցիչ այս ամիս, և կտեղափոխվի այլ վայրում աշխատանքը շարունակելու։ Նա շատ բարձր որակավորում ունեցող, չափազանց փորձառու և նվիրված մասնագետ է, ով նախկինում աշխատել է ՅՈւՆԻՍԵՖ-ի կենտրոնակայանում, կազմակերպության ներկայացուցիչն է եղել Մալայզիայում, այլ պաշտոններ է զբաղեցրել Սոմալիում, Գվիենայում, Բենինում և Մադագասկարում», - ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:
Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե «հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել նրա պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ»։
Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի օգտին լտեսության մեղադրանքները տարածվել էին մամուլում, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցներում, որոնք, սակայն, Հայաստանի կառավարությունը չէր հաստատել։