Աշխատանքային այցերի շարքով Կենտրոնական Ասիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Տաշքենդում իր ուզբեկստանցի գործընկերոջ հետ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Աբդուլազիզ Քամիլովի հետ հանդիպմանը արտգործնախարարները երկկողմ հարցերից բացի, միջազգային համագործակցության համատեքստում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հարավային Կովկասում, ինչպես նաև համագործակցությունը Թյուրքական խորհրդի և Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում։ Պաշտոնական հաղորդագրություններում քննարկման վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում։
Հանդիպման ավարտին ունեցած մամուլի ասուլիսում արտաքին գործերի նախարարներն ընդգծել են, որ Անկարան և Տաշքենդը կողմ են արտահայտվել միջազգային հարթակում համագործակցության ընդլայնմանը։ Երեքշաբթի նախատեսված է նաև Չավուշօղլուի հանդիպումը Ուզբեկստանի նախագահի և վարչապետի հետ։
Չավուշօղլուի շրջագայությունը Կենտրոնական Ասիայի երկրներ մեկնարկել է մարտի 5-ին և ավարտվելու է մարտի 10-ին։
Թուրքիայի արտաքին դիվանագիտության պատասխանատուի եռօրյա այցը Ուզբեկստան հաջորդում է նրա աշխատանքային այցին Թուրքմենստան։ Իր թուրքմեն գործընկերոջ հետ հանդպմանը թուրք պաշտոնյան Աշխաբադում քննարկել էր երկկողմ հարաբերությունները, քաղաքական և դիվանագիտական գործընկերությունը՝ ներառյալ համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային կառույցներում։ Սա նախորդ երկու շաբաթվա ընթացքում Մևլյութ Չավուշօղլուի և Ռաշիդ Մերեդովի երկրորդ հանդիպումն էր։ Փետրվարի վերջին Անկարայում երկու արտգործնախարարները ևս մեկ բանակցություն էին ունեցել՝ եռակողմ ձևաչափով, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Մերեդովը եռակողմ այդ հանդիպումը «պատմական» էր անվանել և հայտարարել, որ ընդհանուր մշակույթ, պատմություն ու լեզու ունեցող երեք եղբայրական երկրները շարունակելու են աշխատել` զարգացնելու համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում։ Անկարայում հանդիպմից հետո հայտարարվեց նաև, որ Աշխաբադն այս տարի կհյուրընկալի Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան բարձր մակարդակով գագաթնաժողովը, ամռանը պլանավորվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն այս երկիր։
Թուրքիայի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը Չավուշօղլուն հիացմունքն էր հայտնել Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև հունվարին Կասպից ծովում համագործակցության շուրջ ձեռքբերված համաձայնության վերաբերյալ, որով հնարավորություն է ստեղծվում զարգացնելու գազի համատեղ արտահանումը։ Նաև հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է թուրքմենական գազը տեղախոխել Եվրոպա։
Թուրքմենստանում և Ուզբեկստանում կայացած հանդիպումներից հետո՝ չորեքշաբթի, Չավուշօղլուն կժամանի Բիշքեկ, որտեղ կհանդիպի Ղրղզստանի իր գործընկերոջ հետ։ Նախատեսվում են թուրք-ղրղզական Միացյալ ռազմավարական պլանավորման խմբի մակարդակով հանդիպումներ, բանակցություններ երկրի բարձրագույն ղեկավարության հետ։
Համաձայն Ղրղզստանի ԱԳՆ հաղորդագրության՝ քննարկվելու է Թյուրքական խորհրդի շրջանակում երկու թյուրքալեզու երկրների համագործակցության ընդլայնումը։
Այս բանակցությունները կայանում են Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) առցանց գագաթնաժողովի շրջանակում` ի թիվս այլ երկների՝ Թուրքիայի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի ղեկավարների մեկ այլ հանդիպումից օրեր անց։
Գագաթնաժողվին, որին մասնակցել էր նաև ՏՀԿ անդամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, քննարկվել էին նաև իրավիճակը Հարավային Կովկասում, փոխադրումային նոր նախագծերի իրականացումը և 44-օրյա հայ-ադրբեջանական պատերազմից հետո Թուրքաիայի և Ադրբեջանի միջև տրանսպորատային նոր կապի ստեղծմամբ կենտրոնասիական երկրների համար հնարավորությունների ընդլայնումը։
Ալիևը Կենտրանական Ասիայի երկների ղեկավարներին հրավիրել էր օգտագործելու այդ հնարավորությունը և Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին ու Թուրքիային կապող «զանգեզուրյան միջանցքը»։ Հայաստանի արտգործնախարարությունն այդ միջանցքն անվանել էր «մտացածին»։