Մատչելիության հղումներ

Պաշտպանը ՄԹ պաշտոնյաներին է ներկայացրել գերիների վերադարձի հրատապության հարցը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը:

Ըստ Պաշտպանի գրասենյակի, Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով:

Թաթոյանը նաև ներկայացրել է տեղեկություններ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք և այլն) մասին:

Անդրադառնալով Հայաստանի սահմանների հետ կապված գործընթացին՝ Պաշտպանը ներկայացրել է իր նոր հայեցակարգը, համաձայն որի՝ Սյունիքում մարդկանց անվտանգության երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։

Երեկ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, ՄԹ խորհրդարանի բոլորը կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը և այլք։

Մինչ այս պահը Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Հայկական կողմի տվյալով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։ Անցած ամիս, մինչդեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն վերադարձրել է հայազգի քաղաքացիներին, ովքեր գերեվարվել էին պատերազմի ընթացքում, և Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։

XS
SM
MD
LG