ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին երեկ ասել է, որ ամենաուշը մարտի 10-ին կոնգրեսականները կքննարկեն կորոնավիրուսի հասցրած վնասի հատուցմանը, տնտեսության վերականգնմանն ու համավարակի դեմ պայքարի խթանմանն ուղղված 1 տրիլիոն 900 միլիարդ դոլարի փաթեթը:
ԱՄՆ Կոնգրեսի մյուս պալատը՝ Սենատը, արդեն հաստատել է 628 էջանոց «կորոնավիրուսի օգնության» նախագիծը: Դա համարվում է ԱՄՆ-ում տնտեսական աջակցության հարցով պետության կողմից առաջարկվող ամենախոշոր նախաձեռնությունը 1960-ական թվականներից ի վեր:
1 տրիլիոն 900 միլիարդ դոլարի ծրագրով ենթադրվում է ոչ միայն վերջ տալ կորոնավիրուսի համավարակին և գործազրկության ճգնաժամին, այլև պայքարել աղքատության, անհավասարության և սոցիալական այլ ախտերի դեմ:
Նախագահ Ջո Բայդենն աջակցում է այս ծրագրին: Դեմոկրատները հուսով են, որ այն օրենքի ուժ կստանա մինչև մարտի 12-ը, քանի որ այդ օրը պետք է սպառվի գործազրկության նպաստներ տրամադրելու օրենքի գործողության ժամկետը: