Տավուշում ռուսներն ու ադրբեջանցիները սահմանային ճշտումներ չեն սկսել, թուրք-ադրբեջանական տեխնիկայի կուտակումներ սահմանին չկան. Պաշտպանության նախարարությունը երեկ երկու տարբեր հաղորդագրություններով հերքում էր տարածվող տեղեկությունները, թե Ադրբեջանը հիմա էլ հասավ Տավուշին։
«Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց», -հորդորում են պաշտպանական գերատեսչությունում։
«Ստահոդ լուրեր են տարածվում, թե իբր չափագրումներ են արվում։ Որևէ նման բան չկա, համայնքը իրա բնականոն կյանքի մեջ ա, մարդիկ իրանց առօրյա խնդիրներով են ապրում», - ասում է Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանը։
Հետո Տավուշի մարզպետարանը տեսանյութ տարածեց, որում Ազատամուտի համայնքապետը նույնպես պնդում է, որ գյուղն իր սովորական առօրյայով է ապրում։ Ըստ տարածվող լուրերի, հենց Ազատամուտի մոտ նախկինում ադրբեջանաբնակ Բարխուդարլուի տարածքում են սահմանագծման աշխատանքներ սկսվել։
«Գյուղում հյուրեր չեն եղել», - պնդում են բնակիրները, խաղաղ ֆուտբոլ են խաղում երեխաները։
«Սուտ տեղեկություններ տարածելը հանցագործություն է», - հերքումներին կոշտ գնահատականներով միացավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նա սահմանների անվտանգությունը շահարկողներին անվանում է կեղծ ու անբարոյական մարդիկ․ - «Ընդդիմություն լինեն, արկածախնդիր լինեն, իշխանություն լինեն, ադրբեջանցի թե թուրք՝ հիմա թե երբևէ կսատկացնենք, բայց թույլ չենք տա Տավուշի սահմանները սակարկեն»։
Հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշ - Ղազախ հատվածում արդյո՞ք սահմանագծման որևէ աշխատանք է կատարվում։ Լրագրող, «Անի» կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանը երեկ այդ տարածքներում շրջել ու ասում է՝ ո՛չ ռուսներ, ո՛չ ադրբեջանցիներ տարածքում չեն երևացել․ - «Բարխուդարլուում տեսա այն, ինչ տեսա։ Հայաստանում երևի ամենակեղտոտ աղբավայրն է դա։ Եթե չգիտեն մարդիկ, նաև դա ուզում եմ ասել։ Այնտեղ որևէ բան չկար, հովիվների հանդիպեցի, որոնք պատմեցին, որ որևէ մեկին չեն տեսել։ Բայց դա չի նշանակում, որ դա չի կարող դառնալ թեմա»։
Բարխուդարլու, Սոֆուլու, Բաղանիս-Այրում, Ներքին ու Վերին Ոսկեպար, Խեյրիմլի․ ըստ Թաթուլ Հակոբյանի, Տավուշի այս 7 անկլավային գյուղերը, որոնք նախկինում ադրբեջանական Ղազախի շրջանի կազմում էին, հայկական կողմին են անցել 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ։ Դրանք այժմ հայկական Ոսկեպարին, Ազատամուտին ու Կիրանցին մոտ գտնվող անբնակ տարածքներ են։ Շատ ավելի վաղ այդ անկլավները Հայաստանինն էին․ - «1922-36 թվականներին, երբ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը Խորհրդային Վրաստանի հետ կազմում էին մեկ միասնական միավոր՝ Անդրֆեդերացիա, տեղի էին ունեցել բազմաթիվ տարածքային փոխանակումներ։ Այդ տարածքները, որոնք հետագայում վերածվեցին անկլավների Խորհրդային Հայաստանի ներսում, Առաջին Հանրապետության շրջանում պատկանել են Հայաստանի Հանրապետությանը»։
Եռակողմհայտարարության վերջնական տեքստում անկլավային այս 7 գյուղերի մասին բառ անգամ չկա, բայց, ըստ Թաթուլ Հակոբյանի, փաստաթղթի նախնական տարբերակում եղել է։
Հակոբյանը հղում է անում միջազգային ռուսալեզու «Մեդուզա» լրատվամիջոցին․ - «Երկրորդ կետն էր դա, որտեղ ասվում էր, որ Ղազախի շրջանի տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Հետագայում, վերջնական հայտարարության տեքստում այդ հատվածը հանված էր, չկար։ Իմ տեղեկություններով, Գլխավոր շտաբը Հայաստանի շատ լուրջ կռիվ է տվել, որպեսզի գոնե այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին»։
Եռակողմ հայտարարության մեջ Տավուշի թեմա չկա, այսօր էլ այդ գյուղերի տարածքում ոչինչ չի կատարվում, այն, ինչ երեկ տարածվեց, ամբողջությամբ ապատեղեկատվություն է, շեշտում է Թաթուլ Հակոբյանը։ Միևնույն ժամանակ չի բացառում, որ տհաճ անակնկալներ լինեն՝ հիշեցնելով Սյունիքի նախադեպի մասին․ - «Չգիտեմ, կա՞ արդյոք այդ հայտարարությանը կից պրոտոկել, թե՞ չկա։ Հավելյալ փաստաթուղթ կա՞, թե՞ չկա։ Պարզվեց, որ Սյունիքի դեպքում կար, չէ՞։ Հերքվում էր, բայց պարզվեց, որ վեց կետանոց այդ փաստաթուղթը կա»։
Տավուշի մարզպետ Հակ Չոբանյանը անընդունելի է համարում այս գյուղերի վերաբերյալ որևէ քննարկում․ - «Սա չի նշանակում, որ մենք հիմա պիտի քննարկենք Ադրբեջանի ախորժակները։ Արբեջանը Երևանի նկատմամբ էլ ախորժակ ունի, բայց չի նշանակում, որ մենք պիտի դրանից վայնասուն սարքենք։ Մենք պետք է դրա պատասխանը տանք, ոչ թե դա դարձնենք, մեր երկրում, մեր ներսում քննարկման առարկա»։
Փորձագետ Թաթուլ Հակոբյանը հիշեցնում է Արծվաշենի մասին, որ նույն 90-ականներին անցել է ադրբեջանական վերահսկողության տակ՝ շեշտելով, որ եթե այդ մի քանի գյուղերի հարցը քննարկվի, խնդրահարույց է դառնալու Իջևանից Նոյեմբերյան ճանապարհը, որ դեպի Թբիլիսի ու Ռուսաստան կապն է․ - «Այդ ճանապարհով է նաև անցնում մեկ այլ կարևոր, մեր համար ռազմավարական նշանակությամբ բան՝ գազատարը։ Ով էդ տարածքը դնել սակարկության, դա ուղղակի անթույլատրելի է»։
Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունի՝ շուրջ 300 կիլոմետր։ Այդ սահմանը հանգիստ է եղել պատերազմի 44 օրերին։ Պաշտոնական բազմաթիվ աղբյուրներ այսօր էլ, երեկ էլ համոզում են՝ սահմանը հանգիստ է նաև հիմա, որևէ ճշգրտում չի կատարվում։