Վերջապես հայտնի դարձավ, թե որտեղ է գտնվում ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր, նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մերձավոր շրջապատի՝ գերհարուստ չինովնիկների ու օլիգարխների խիստ քննադատ Ալեքսեյ Նավալնին, ով փետրվարի 20-ին իր դատավարության օրը վերջին խոսքով դիմելով հանրությանն, ասել է.- «Ես հավատում եմ, Ռուսաստանը կլինի երջանիկ»:
Այդ օրը դատարանը որոշեց, որ «Իվ Ռոշեի» գործով 3.5 տարվա պայմանական ազատազրկումը փոխարինվում է իրական պատժաչափով:
Դատավորներն այդ ժամկետից հանել են տնային կալանքի պայմաններում և «Մատրոսկայա տիշինա» բանտում Նավալնիի մնալու տևողությունը և սահմանել, որ Պուտինին, նրա զինակիցներին և նրանց շահերը սպասարկող Կրեմլի գաղափարախոսներին ու հեռուստաաստղերին «անհագ կաշառակերներ» և «ցինիկ գողեր» անվանող 44-ամյա բլոգերը բանտում կանցկացնի 2.5 տարի: Բայց հսկայական տարածքով երկրի անհաշիվ բանտերից ո՞ր մեկում:
Դատավճռի հրապարակումնից հետո Նավալնիի փաստաբաններն ու աջակիցները ենթադրել են, որ բլոգերին կուղարկեն Վլադիմիրի շրջանի Պոկրով քաղաքի բանտ, սակայն այս չորեքշաբթի օրը՝ մարտի 3-ին, փաստաբան Վադիմ Կոբզևին տեղեկացրել են, որ Նավալնին այդ նույն Վլադիմիրի շրջանի մեկ ուրիշ բնակավայրի՝ Կոլչուգինոյի թիվ 3 քրեակատարողական հիմնարկի կարանտինի խցում է:
Նրա հետ այնտեղ են ևս երկու բանտարկյալներ: Նավալնին այս պահին չունի արտաքին աշխարհի հետ կապի հնարավորություն: Փաստաբանի փոխանցմամբ, այդ բանտում բավական ծանր պայմաններ են, սակայն Նավալնին առողջական խնդիրներ չունի, ֆիզիկապես կայտառ է և հոգեպես ամուր:
Արևմտյան երկրները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ Նավալնին ազատազրկվել է շինծու մեղադրանքներով: Նավալնիի աջակիցների համոզմամբ, բլոգերին պատժել են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ առնչություններ ունեցող մեծահարուստների և պաշտոնյաների կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար: Ամերիկան և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի նկատմամբ:
«Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագրի թղթակիցն այցելել է Կոլչուգինո: Պարզվում է, տեղացիներից շատերը գիտեն, որ թիվ երեք քրեակատարողական հիմնարկում է հայտնվել ռուսաստանցի, թերևս, ամենահայտնի բանտարկյալը:
Իհարկե, կան ռեժիմը գովաբանողներ: «Մեզ դա պետք չէ, Ռուսաստանն աշխարհի ամենալավ երկիրն է, Պուտինն էլ ամենալավ նախագահն է»,- պնդել է զրուցակիցներից մեկը:
Ոմանք խուսափել են զրույցից, նկատել են տվել, որ չեն ցանկանում առնչվել «այդ վտանգավոր թեմայի հետ»:
Բայց շատերն էլ ասել են, որ համակրանք են տածում Նավալնիի նկատմամբ, քանի որ «նա ժողովրդին ճշմարտությունն է պատմում»:
«Իհարկե, ամոթ է, որ նրան դատել և բանտ են նետել, շատ անարդար որոշում է, դրա համար մեր երկրի նկատմամբ սանկցիաներ են կիրառում, բայց ղեկավարները դա չեն էլ զգա իրենց մաշկի վրա, իսկ տեսեք, թե մենք ոնց ենք ապրում»,- ասել է Կոլչուգինոյում բնակվող մի տարեց կին:
Ըստ ռուսաստանցի իրավապաշտպանների, նախկինում Կոլչուգինոյի քրեակատարողական հիմնարկում (ՍԻԶՕ-ում) բազմիցս արձանագրվել են կալանավորների նկատմամբ բռնության դեպքեր: Հիմա ղեկավարությունը փոխվել է, կալանավորներին կտտանքների չեն ենթարկում, բայց նրանց վիճակն ահավոր ծանր է հոգեբանական ճնշումների առումով:
Բանտում չափազանց կոշտ ժամանակացույց է և կարգապահության գերագույն աստիճան: Ցանցացած թերացում, օրինակ, խցում անկողինը լավ հարդարված չէ, բարձը մի քանի սանտիմետր ձախ կամ աջ է դրված, և անմիջապես գրանցվում է նկատողություն: Բանտարկյալը ճիշտ վայրկյանին չի ողջունում պահակին կամ սպային՝ նկատողություն, այն տրվում է նույնիսկ առաջին հայացքից աննշան մանր վրիպակի համար:
Նկատողությունը Կոլչուգինոյի բանտի ղեկավարների քմահաճույքը չէ, բավ է ստանաս մի քանի նկատողություն և կզրկվես պայմանական-վաղաժամ ազատվելու հնարավորությունից: Դա է ամենածանր հանգամանքը բանտարկյալի համար: Ահա այդպիսի պայմաններում է հայտնվել Նավալնին, ով հավատում է, որ «Ռուսաստանը մի օր երջանիկ կլինի»:
Ենթադրվում է, որ կարանտինից հետո Նավալնիին Կոլչուգինոյից կփոխադրեն Պոկրովի բանտ: