Մատչելիության հղումներ

Թբիլիսին Երևանին և Բաքվին երկխոսության հարթակ է առաջարկում


Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Մևլութ Չավուշօղլուն, 3-ը մարտի, 2021թ.
Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Մևլութ Չավուշօղլուն, 3-ը մարտի, 2021թ.

Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանի զարգացման վերաբերյալ երկխոսության հարթակ է առաջարկում։ Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարարը։

Դավիթ Զալկալիանին Անկարա ժամանել է չորեքշաբթի՝ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով։ Երկկողմ հարաբերություններից բացի երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նաև տարածաշրջանային հարցեր են քննարկել։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զալկալիանին խոսել է հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորման մեկնարկի և բիզնես կապերի զարգացման նախաձեռնության մասին։

«Մենք մեր հարևաններին առաջարկում ենք Թբիլիսին որպես երկխոսության հարթակ։ Մասնավորապես, առաջարկում ենք սկսել հարաբերությունների կարգավորում, տնտեսության, բիզնեսի և մշակույթի զարգացման վերաբերյալ կողմնորոշման գործընթաց», - ասել է արտգործնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ երեք երկրները պետք է իրենք հոգ տանեն տարածաշրջանի մասին։

«Ո՞վ, եթե ոչ մենք՝ երեք հարավկովկասյան պետություններս, պետք է որոշենք մեր տարածաշրջանի ճակատագիրն ու ապագան։ Ուստի մենք առաջարկում ենք հավաքվել և այս ձևաչափի շրջանակում սկսել քննարկումները», - ասել է Զալկալիանին։ Նա նաև հավելել է, որ Վրաստանը դեմ չէ այս ձևաչափին այլ երկրների միացմանը ևս, այն դեպքում, եթե նրանք կիսում են այս մոտեցումը։

Տարածաշրջանի 6 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության հարթակի ձևավորման հնարավորության մասին խոսակցությունները սկսվեցին նախորդ տարվա վերջին՝ հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ավարտից հետո։

Դեկտեմբերին, Բաքվում մասնակցելով Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի կապակցությամբ կազմակերպված ռազմական շքերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այս ձևաչափով համագործակցությունը «հաղթանակ կլինի բոլոր կողմերի համար»։ Էրդողանը խոսել էր նաև այդ դեպքում Հայաստանի հետ սահմանների վերաբացման հնարավորության մասին, ասել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հետաքրքրված է համագործակցության այս գաղափարով։

Շաբաթներ առաջ՝ Իրանի իր գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին խոսել էր «3+3» ձևաչափով համագործակցության մասին՝ նկատի ունենալով Հարավային Կովկասի 3 երկրները՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Թուրք պաշտոնյան հայտարարել էր, որ աշխատանք է տարվում Վրաստանին համոզելու ուղղությամբ։

Չավուշօղլուի հետ հանդիպմանը, սակայն, Զալկալիանին կրկին հայտարարել է, որ Վրաստանը մտադիր չէ մասնակցել համագործակցության մի ձևաչափի, որում ներկայացված է նաև Ռուսաստանը։

Նախորդ ամիս նախատեսված էր Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Բաքվում, որը չեղարկվեց հանդիպման նախօրեին Վրաստանի վարչապետի հրաժարականի մասին հայտարարելուց հետո։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել էր առաջիկայում նախատեսվող Թուրքիա-Ադրբեջան-Իրան և Թուրքիա-Ռուսաստան-Իրան ձևաչափով բանակցությունների մասին։

XS
SM
MD
LG