Մասնագետներն ահազանգում են՝ կորոնավիրուսով վարակվածության դեպքերն այնքան են աճել, որ Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով վտանգավոր «կարմիր» գոտում։
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է ևս 360-ով: Սա մոտ երկու անգամ ավելի է վերջին շաբաթներին արձանագրվող ցուցանիշից։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ եթե հունվարին Հայաստանը «կարմիրից» շարժվում էր դեպի «կանաչ» (բարվոք) գոտի, ապա այժմ հակառակն է տեղի ունենում։
«Սա լուրջ ահազանգ է, որպեսզի երկիրն ուժեղացնի կանխարգելիչ միջոցառումները», - ընդգծեց համաճարակաբանը, - «Վերջին 14 օրվա ընթացքում եթե համեմատենք նախորդ 14 օրվա հետ, հիվանդացության ցուցանիշն աճել է արդեն 48 տոկոսով, 7 օրվա կտրվածքով աճ ունենք 39 տոկոս, և նաև խնդիրը հետևյալում է, որ վարակի վերարտադրողական ցուցանիշն արդեն ավելանում է, և մենք բարձր ենք մեկից. նշանակում է, որ մեկ անձ կարող է վարակել մեկից ավելի անձ, ինչը կարող է բերել լրացուցիչ նոր հավելյալ դեպքերի»:
Վերջին տվյալներով` Հայաստանում անցած տարվա մարտից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 172 հազար 816 դեպք, մահացել է ավելի քան 3 հազար մարդ: Վարակվածության թվերն աճում են նաև երեխաների ու դեռահասների շրջանում: Ռոմելա Աբովյանի խոսքով՝ եթե այսպես շարունակվի, ապա կրկին կքննարկվի դպրոցների փակման հարցը։
Համաճարակաբանը հիշեցնում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռ աշնանն էր պետություններին կոչ արել զգոնությունը բարձրացնել` նշելով, որ սպասվում է վիրուսի տարածման երրորդ ալիքը։ Շատ երկրներ, ի դեպ, արագ քայլեր ձեռնարկեցին ու խստացրեցին կանոնները` պահպանելով դրանք մինչև այսօր։ Հայաստանում իրավիճակն այլ է։
Քովիդի տարածման դեմ պայքարում Կառավարությանը մեղադրող արտախորհրդարանական ընդդիմությունն արդեն շաբաթներ շարունակ բազմամարդ հավաքներ է կազմակերպում։ «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախին տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց, որ այդ ցույցերը նույնպես նպաստում են վարակի տարածմանը, բայց ընդգծեց, որ պաշտոնական թվերին չի հավատում. «Իհարկե, նպաստում է, իհարկե, կա նման ռիսկայնություն, բայց մեր երկրի ապագան ավելի կարևոր է, քան թե քովիդի դեմ պայքարը: Վերջին շրջանում տեսել եք` բավականին թվերն իջել են, և դա նշանակում է, որ պաշտոնական տեղեկությունները վարակված և բուժված մարդկանց, ես կարծում եմ, իրականությանը չի համապատասխանում»:
Ընդդիմությունից հետ չի մնում նաև իշխանությունը, որը պարտավոր է հակահամաճարակային կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Չնայած կորոնավիրուսով վարակվածության թվերի աճին, վերջին շաբաթներին վարչապետ Փաշինյանը բազմամարդ երկու հանրահավաք-երթ անցկացրեց։ Դիմակ կրելու, անվտանգության կանոնները պահելու կոչերով շարունակ հանդես եկող երկրի վարչապետն ու առողջապահության նախկին նախարարը, որն այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, հանրահավաքներին առանց դիմակների էին։ Իշխանական թևից հարթակում դիմակ կրում էր միայն առողջապահության նորանշանակ նախարարը։
«Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը երեկ «Ազատության» տաղավարում նույնպես ընդունեց, որ քովիդի պայմաններում անընդունելի են այսօրինակ հավաքները, բայց ընդգծեց՝ իրենցից շատերն արդեն վարակվել ու առողջացել են։ Մասնագետներն, ի դեպ, հիշեցնում են՝ աշխարհում դեռ չկա կրկնավարակը բացառող կամ հաստատող գեթ մեկ գիտական ապացույց. «Խոշոր հաշվով անընդունելի է, բայց երկրում այնպիսի քաղաքական զարգացումներ են, այնպիսի ճգնաժամային իրավիճակում ենք գտնվում, որ գուցե կոռեկտ չհնչի ասածս, բայց որոշ խնդիրներ երկրորդ պլան են մղվում, առաջնահերթություններն են վերաձևակերպվում»:
Փաստորեն թե՛ ընդդիմությունը և թե՛ իշխանությունը քովիդի տարածումն այս պահին երկրորդ պլան են մղել. խորհրդարանում, թե հանրահավաքներում հիմնականում առանց դիմակների են, չեն պահպանում անվտանգության կանոնները։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը պնդեց՝ հասարակական օբյեկտներում կանոնները չպահպանելը և նաև հանրահավաքներ կազմակերպելը առաջիկայում կմեծացնեն կորոնավիրուսով վարակվածության դեպքերը. «Որովհետև հանրահավաքների ժամանակ, ինչպես բոլորս տեսնում ենք, բացարձակ որևէ անվտանգության կանոն չի պահվում, որևէ մեկը դիմակ չի կրում, սոցիալական հեռավորություն չի պահվում, ինչը կբերի նրան, որ մենք կունենանք բավականին լուրջ դեպքերի աճ: Մոտակա 7 օրը մենք կունենանք 2 հազար 140 նոր դեպք»:
Այսօր խորհրդարանում այս հարցը հնչեցրին նաև ընդդիմադիր ու անկախ պատգամավորները: Նրանք ասացին՝ գուցե ոստիկանները լա՞վ չեն աշխատում, որ իրենց քթի տակ կանոնները խախտողներին այլևս չեն տուգանում: Եղավ առաջարկ նաև դպրոցների երկարօրյա դասաժամերը վերսկսելու։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որն այսօր խորհրդարանում կրկին եզակիներից էր, որ դիմակ էր կրում, ասաց. «Մենք պետք է վերադառնանք դիմակների կրման ավելի խիստ պահպանողական ռեժիմի և փորձենք կանխարգելել քովիդի տարածումը»:
Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել կորոնավիրուսային բժշկական կենտրոնները: