Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հայտարարում է, որ ամիսներ շարունակվող քաղաքական ճգնաժամը օրեցօր խորանում է:
Հայտարարությամբ նրանք նկատում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն լուրջ քայլեր չեն ձեռնարկել ստեղծված աշխարհաքաղաքական ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ, այլև անհեռատես նոր քայլերով խորացրել են ընդհանուր ճգնաժամը։
«Ի պատասխան հրաժարական ներկայացնելու վերաբերյալ՝ ՀՀ Գլխավոր շտաբի պետի և բազմաթիվ բարձրաստիճան այլ զինվորականների սույն թվականի փետրվարի 25-ի պահանջի, վարչապետը, հանդես գալով ՀՀ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին միջնորդությամբ, փաստորեն վտանգում է տարածաշրջանում ստեղծված փխրուն խաղաղությունը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այն դեպքում, երբ այսօր էլ որպես հայրենաբնակ հայության անվտանգության գլխավոր երաշխավոր շարունակում է մնալ Հայոց բանակը», - նշում է Գիտությունների ակադեմիան։
Ակադեմիայի նախագահությունը իշխանություններից պահանջում է զերծ մնալ մեր ժողովրդի ու զինվորականության վստահությունը վայելող փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից։
Հիշեցնենք, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կտրուկ սրվեց ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և մի խումբ զինվորականների տարածած հաղորդագրությունից հետո, որով նրանք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։ Ինքը` Փաշինյանը դա որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ, նախագահին ներկայացրեց առաջարկ Գասպարյանին պաշտոնից հեռացման վերաբերյալ: Արմեն Սարգսյանն այդ առաջարկը վերապահումներով հետ ուղարկեց վարչապետին, իսկ վարչապետը նորից ուղարկեց նախագահին: