Մատչելիության հղումներ

Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը


Այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որը քաղաքական շատ ավելի խորը համագործակցություն է ենթադրում Հայաստանի և եվրոպական ընտանիքի միջև։

Ողջունելով, իրենց իսկ բնորոշմամբ, այս կարևոր հանգրվանը՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն արձանագրում են՝ այն համընկավ Հայաստանում սկսված դժվարին փուլին, որից դուրս գալու լավագույն ելքը հավատարմությունն է ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին։

«Հայաստանի համար այժմ դժվար ժամանակներ են, այդուհանդերձ Եվրոպական Միությունը շարունակում է կանգնած լինել հայ ժողովրդի կողքին։ Եվրամիություն-Հայաստան երկկողմ համաձայնագրի կիրարկումը մեզ թույլ կտա ամրապնդել մեր գործակցությունը տնտեսության, կապի, թվայնացման և էկոլոգիական բարեփոխումների ոլորտներում, որոնք առանցքային են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնման և երկարաժամկետ դիմակայման համար», - հայտարարել է Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյն՝ ընդգծելով՝ ներկայիս անհանգիստ օրերին խաղաղության պահպանումը, ժողովրդավարության և սահմանադրական կարգի նկատմամբ հարգանքն առանցքային նշանակություն ունեն։

Անցած շաբաթավերջին, երբ Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջեց վարչապետի և կառավարության հրաժարականը, վարչապետ Փաշինյանն էլ այդ քայլը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց, պաշտոնական Բրյուսելը զսպվածության կոչ արեց բոլոր կողմերին՝ հորդորելով խուսափել ցանկացած գործողությունից, որ կարող է էլ ավելի սրել իրավիճակը։

Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և մնան քաղաքացիական վերահսկողության ներքո, հայտարարել էր Միության արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով՝ ժողովրդավարական ու սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն հաղթահարել այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է։

Արտգործնախարար Ջոզեպ Բորելն իր հերթին ընդգծել է․ - «Այսօրվանից ուժի մեջ մտնող նոր համաձայնագիրը վկայում է, որ Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը, ինչպես նաև բարեփոխումների ավելի լայն օրակարգին»։

Հենց այդ բարեփոխումների իրականացման գործում էլ, ըստ Բորելի, Բրյուսելն աջակցել է և կշարունակի աջակցել Երևանին։

«Համաձայնագրի նպատական է քաղաքական, տնտեսական, առևտրի ոլորտներում նպաստել Հայաստանի բարեփոխումների հետ կապված մարտահրավերների հաղթահարմանը և մարդկանց կյանքում մտցնել դրական փոփոխություններ», - հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հայաստանի և Եվրամիության միջև այս համաձայնագիրը ստորագրվել էր 2017-ին։ Դրա վավերացման համար պահանջվել էր մոտ 3 տարի։ Հայաստանի կառավարության հաղորդմամբ, պաշտոնական Երևանը մոտ 8 տարի ժամանակ ունի փաստաթղթի բոլոր դրույթներն իրականացնելու համար։ Ակնկալվում է, որ այդ բարեփոխումների ավարտին հայաստանյան տարբեր ոլորտներ՝ սկսած տրանսպորտից, մինչև սպառողների իրավունքների պաշտպանություն, կմոտեցվեն Եվրամիության չափորոշիչներին։

XS
SM
MD
LG