Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի խորհրդի նիստը դարձյալ չկայացավ


Ազգային ժողովում երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով խորհրդարանական ընդդիմության երկրորդ փորձը ևս տապալվեց։

Այսօր հրավիրված Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և խորհրդի անդամ իշխանական մյուս պատգամավորները առավոտյան 11։00 -ին նշանակված նիստին չներկայացան։

Արտահերթ նիստի համար անհրաժեշտ 33 ստորագրության փոխարեն ընդդիմադիրները հավաքել էին 35-ը։ Սակայն արտահերթի կայացման համար անհրաժեշտ է, որպեսզի Ազգային ժողովի խորհուրդը հաստատի օրակարգը։ Կանոնակարգը թույլ է տալիս շրջանցել խորհրդի նիստը, բայց այդ դեպքում էլ հարցը դառնում է ժամանակավրեպ։

Ընդդիմադիրները, ովքեր դեռևս քաղաքական կոնսուլտացիաների հրավեր վարչապետի աշխատակազմից չեն ստացել, ասում են, թե իշխանությունները գործընթացը փակուղի են տանում։

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասում է, որ իրենք երբեք դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, հիմա էլ դեմ չեն․ - «Ես ընտրությունների հետ կապված ասել եմ, որ եկեք ցրենք խորհրդարանը ու անենք ընտրություններ։ Ես շարունակում եմ մնալ իմ տեսակետին։ Վաղն էլ կարող ենք ցրել խորհրդարանը»։

«Ազատության» հարցին, թե արդյոք կողմ են նաև գործող իշխանությունների կազմակերպած ընտրություններին, Մարուքյանը պատասխանեց․ - «Մենք առաջարկում էինք անցումային վարչապետ լինի և ունեինք վարչապետի թեկնածու։ Բայց եթե հիմա, այս վիճակով դա չի արվում և ցրվում է խորհրդարանը և կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն Նիկոլ Փաշինյանը թող կազմակերպի։ Էդտեղ ես բան չեմ տեսնում։ Մեզ համար խնդիր չկա։ Որովհետև երկիրը էն վիճակում է, որ չեմ նայելու ով է կազմակերպում։ Պետք է էս վիճակից դուրս գալ»։

Արման Աբովյան
Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ևս ասաց, որ խորհրդակցությունների հրավեր վարչապետի աշխատակազմից չեն ստացել։ Կուսակցությունը, որ մաս է կազմում վարչապետի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման, հայտարարում է՝ քանի որ իշխանությունների հայտարարությունները իրարամերժ են նրանց հետ քննարկումներ անցկացնելու ցանկություն չունեն։

Միևնույն ժամանակ, Աբովյանը չբացառեց, որ արտահերթ ընտրությունների մասով տեխնիկական հարցեր պատրաստ կլինեն քննարկել․ - «Յուրաքանչյուր դեպքում իշխանության վերջնական ձևավորումը տեղի է ունենալու արտահերթ ընտրությունների միջոցով։ Դա անհերքելի է։ Մնացած բոլոր տեխնիկական և մեխանիկական հարցերը արդեն կքննարկենք հետո»։

Ընդդիմադիրները շեշտում են, որ իրենք համաձայն չեն այն որակմանը, թե տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ է։

Էդմոն Մարուքյանը հարցնում է՝ այդ դեպքում ինչո՞ւ փողոցում չեն տանկերն ու զորքը․ - «Հայաստանի Հանրապետությունում նման փորձ, անգամ փորձ չի եղել։ Եվ վարչապետը էդ առումով մանիպուլացնում է Գլխավոր շտաբի հայտարարությունը, որպեսզի ի շահ իրեն օգտագործի և փորձի էս իրավիճակում էլ որոշակի համախոհություն գտնել քաղաքացիների մոտ, թե նայեք՝ զինված ուժերն ուզում էին խլեին ինձանից իշխանությունը, ես չեմ տալիս, էկեք ինձ պաշտպանեք։ Զինված ուժերը ռազմական հեղաշրջման փորձ չեն արել։ Պաշտոնապես ասում եմ։ Քրեորեն հետապնդելի որևէ արարք, տարր, հատկանիշ գոյություն չունի նշված հայտարարության մեջ։ Եթե ապագայում կլինեն զարգացումներ, ես այլ գնահատականներ կտամ։ Ես ինքս, բնականաբար, դեմ եմ զինված հեղաշրջմանը»։

Նկատենք, որ ողջ օրվա ընթացքում Ազգային ժողովի խորհրդի անդամ իմքայլական պատգամավորներին խորհրդարանում հանդիպել չհաջողվեց, և ոչ մի պարզաբանում, թե ինչու իշխող խմբակցությունը չի արձագանքում ընդդիմադիր գործընկերների ձեռնարկած քաղաքական գործընթացին։

Ազգային ժողովի կայքում կարճ հաղորդագրություն է տեղադրվել, որ քվորումի բացակայության պատճառով Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստը չի կայացել։

XS
SM
MD
LG