Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գիտության ոլորտի զարգացման հեռանկարները:
«Հատկապես արցախյան երկրորդ պատերազմից հետո, ըստ էության, ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես բնական և տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը», - կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ` ասել է վարչապետը:
«Այստեղ թերևս մեծ բանավեճ չկա, հարցն այլ տեղ է՝ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն իրոք արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ: Եվ ինչպես ապահովել, որ ավագ սերնդի մեր ականավոր գիտնականների գործը շարունակվի արդյունավետ ու որոշակի ճանապարհ անցնելուց հետո, ի վերջո, դառնա կիրառական նշանակության արդյունք:
Մի բան ակնհայտ է, որ մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է կարողանանք հստակ հասկանալի, ձևակերպելի որոշումներ կայացնել ու համոզված լինել այդ որոշումների հետագա արդյունավետության մեջ», - հավելել է Փաշինյանը:
Քննարկման ընթացքում ներկայացվել են գիտության ոլորտում առկա խնդիրները, ներուժը, միջավայրն ու զարգացման հնարավորությունները: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել գիտության ոլորտի մի շարք ուղղություններում առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ քայլերին, գիտության բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմանը, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացմանը, ոլորտում դրամաշնորհային նախագծերի իրականացմանը, արտերկրի գործընկերների հետ փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի: