Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ու գրասենյակի ղեկավարը գերիների հարցը քննարկել են դեսպանների հետ


ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը երեկ՝ փետրվարի 23-ին Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Շվեդիայի դեսպան Սվենսոն Պատրիկին և Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին են ներկայացրել 44 օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերզված մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:

Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի, քննարկման առանցքային թեմաներից էր նաև գերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների խախտումների առնչությամբ Ներկայացուցչի գրասենյակի կողմից ձեռնարկած քայլերը:

Ներկայացուցիչը նշել է, որ պատերազմից ի վեր գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ:

Շեշտադրվել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը ադրբեջանական կողմը ձգձգում է արհեստականորեն: Քննարկվել են նաև Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված միջպետական գանգատի վերաբերյալ որոշ հարցեր:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքների և հետագա անելիքների մասին հակիրճ քննարկում: Դեսպանները առաջարկել են իրենց աջակցությունը հնարավոր հետագա սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացում։

Նշենք, որ հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ գերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69-ը։

XS
SM
MD
LG