Բրյուսելը առաջին անգամ որոշեց կիրառել այսպես կոչված եվրոպական «Մագնիտսկու օրենքը» և մեկ շաբաթվա ընթացքում պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման մեջ ներգրավված անձանց նկատմամբ:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ արտգործնախարարները միաձայն համաձայնել են սահմանափակումներ կիրառել Նավալնիի «ձերբակալման, ազատազրկման և հետապնդման» համար պատասխանատու ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու Եվրամիության որոշումը։
Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ Նավալնիին ազատ արձակելու Արևմուտքի պահանջներն անընդունելի և անօրինական է համարում: Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է, որ պատժամիջոցների մասին որոշումն ընդունվել է հակառուսական տեղեկատվական ֆոնի աննախադեպ ակտիվացման համատեքստում: