Մատչելիության հղումներ

ՀՀ-ում հայտարարում են ռուսական ռազմաբազայի ընդլայնման հնարավորության մասին. քաղաքագետը մտահոգություններ ունի


Ռուսական 102-րդ ռազմաբազան, արխիվ
Ռուսական 102-րդ ռազմաբազան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնման հարցում։

«Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ էլ դրանում շահագրգռված է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ միացյալ զորամիավորման մեջ։ Սա նշանակում է` ռազմակայանի հնարավորությունների ընդլայնումն իր հետ կբերի համատեղ զորամիավորման ներուժի ավելացման, որը երկկողմ հիմքով գործում է կովկասյան տարածաշրջանում», - ասել է նախարարը։

Ի՞նչ կտա ռուսական ռազմաբազայի ընդլայնումը Հայաստանին, եթե վերջին պատերազմի ընթացքում գործող ռազմաբազան ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի սահմանին տեղի ունեցող ագրեսիային որևէ կերպ չի արձագանքել, հարցնում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը. «Ինչ վերաբերում է այն մտքին, որ ռուսական զորքերը մեզ ձեռնտու են, պետք է նայենք` պատերազմի ժամանակ ինչ էր կատարվում. ոչ միայն Ղարաբաղում մենք ունեցանք պրոբլեմներ, ռուսական զորքը չաջակցեց, նաև Հայաստանում. Ադրբեջանը ռմբակոծում էր Վարդենիսը, Կապանը, Դավիթ Բեկ գյուղը: Ու ինչքան ես հիշում եմ` դա Հայաստանի տարածքն է, Լեռնային Ղարաբաղի տարածքը չէ, բայց Ռուսաստանը չէր աջակցում մեզ, ուրեմն այստեղ հարցեր կան»:

Պաշտոնին նշանակվելուց հետո հայկական ոչ մի լրատվամիջոցի հարցազրույց չտված Հարությունյանը ռուսական գործակալության հետ զրույցում միևնույն ժամանակ ընդծում է՝ ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայմանը, ապա իր կարծիքով՝ դրա անհրաժեշտությունը այնքան էլ չկա, և ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին՝ Հայաստանի արևելյան ուղղությամբ։ Նախարարը նշել է նաև, որ այդ համատեքստում հարցին համապատասխան համատեղ մշակում ընթանում է։

Քաղաքագետը շեշտում է՝ գործող բազայի պայմանագիրը հստակ ֆիքսում է զորքի, զենքի և տեղակայման պայմանները, և դրանց փոփոխման համար անհրաժեշտ է նոր պայմանագիր, որը պետք է քվեարկության դրվի Ազգային ժողովում և հաստատվի Սահմանադրական դատարանի կողմից. «Ռուսական ռազմաբազան, գիտեք, երեք տեղերում տեղակայված է Հայաստանի` Գյումրիում գլխավոր մասը, շտաբը Երևանում է գտնվում, և ռազմական ինքնաթիռները` Էրեբունի օդանավակայանում:

Եթե արվում է փոփոխություն, նաև Սյունիքում պետք է լինեն ռուսական զորքերը, դա պետք է պայմանագրով ֆիքսված լինի: Այդ պայմանագիրը ե՞րբ են պլանավորում ստորագրել, հասարակությանը կներկայացնե՞ն, թե՞ ոչ: Շատ ու շատ հարցեր կան»:

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան գործում է 1995 թվականի միջպետական համաձայնագրով։ 2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, և բազայի տեղակայման ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը: Ի դեպ, հարցազրույցի ժամանակ հենց նախարարն է արձանագրում, որ Հայաստանը միակ երկիրն է, բացի Ռուսաստանից, որտեղ ռուս սահմանապահներ կան։

Ինքնիշխանության զիջման վտանգների մասին քաղաքագետների մտահոգություններին ի պատախան այսօր «Ազատության» եթերում իշխող խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Այստեղ խոսքը Ռուսաստանի ախորժակի մասին չէ, այստեղ խոսքը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մեջ է, և ես կարծում եմ, որ առավել ևս վերջին շրջանում կրկին երևացել է անհրաժեշտությունը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների: Եվ մեր դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի կարողությունները պետք է մեծացնել, այդ թվում` տեխնիկական կարողությունները, և մենք, կարծում եմ, կշարժվենք այդ ուղղությամբ»:

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները չեն շտապում արձագանքել իշխանական այս հայտարարություններին: Նկատենք, սակայն, դեռ դեկտեմբերին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր հայտարարել, որ պետք է բանակցություններ սկսել Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար։ Իսկ «Բարգավաճ Հայաստանը» միշտ է կողմ արտահայտվել հայ-ռուսական հարաբերություններին խորացմանը ցանկացած ֆորմատով ու խորությամբ։

Ռուսական լրատվական գործակալության հետ զրույցում նախարարը խոսել էր նաև բանակում անցկացվող բարեփոխումների մասին, ասել էր, որ Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի Պաշտպանության բանակը, իսկ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG