Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթ է` որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, նշում է ԱԻՊԾ-ն


Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն, բայց թե երբ, անհայտ է։ Այդ աշխատանքներն արդեն մեկ շաբաթ է` չեն իրականացվում, պատճառը նախ եղանակային պայմաններն էին՝ առատ ձյուն ու մառախուղ էր, իսկ այսօր արդեն, երբ Արցախում եղանակն արևային է, հետաձգման պատճառն անհայտ է, նշում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ընդ որում, զինադադարից հետո այսքան երկար ժամանակով որոնումները չէին դադարեցվել:

«Եղել է դեպք, երբ 3 օր է դադարեցվել աշխատանքը, դա կապված է եղել հերթափոխի հետ և կապված է եղել նաև միջադեպի հետ, որ տեղի է ունեցել իրար հետևից, այդպես 3 օր չենք իրականացրել, բայց արդեն մեկ շաբաթ է` որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատները պատրաստվում են, վերջին 2-3 օրերի ընթացքում եղանակների պատճառով չիրականացվեց, այսօր էլ ադրբեջանական կողմը հայտարարեց, առանց որևէ պատճառ կամ մեկնաբանություն ասելու, ասացին, որ որոնողական աշխատանքներն անորոշ ժամանակով հետաձգվում են», - ասաց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Բանակցությունները ադրբեջանական կողմի հետ վարում են ռուս խաղաղապահները, և որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու ադրբեջանական կողմի որոշման մասին հենց նրանք են փոխանցել: Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվելեն` հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակի պատճառով: Հայկական կողմը կազմ-պատրաստ սպասում է ամեն վայրկյան աշխատանքները սկսելու, իսկ այդ արգելքի պատճառների մասին հայկական կողմը միայն կարող է ենթադրություններ անել, ասում է Հունան Թադևոսյանը. «Այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում շինարարական մեծ աշխատանքներ են ընթանում, օրինակ, Վարանդայի՝ Ֆիզուլիի շրջանում, միջազգային օդանավակայան է կառուցվում, նաև Ջրականում՝ Ջաբրայիլի հատվածում, ենթակառուցվածքներ, նոր ճանապարհներ: Մենք էլ` որպես թշնամական կողմ, երևի չեն ուզում, որպեսզի տեսնենք, թե ինչ է իրականում կատարվում իրենց տարածքում։ Շինարարական աշխատանքներն են, և ռազմական ոլորտում տեղի ունեցող երևի ինչ-որ նորություններ կան, որ մենք չպետք է իմանանք: Դա արդեն չեմ կարող ասել»։

Եթե պատճառն իսկապես շինարարական աշխատանքներն են, ապա Հունան Թադևոսյանը չբացառեց, որ դադարեցումն էլ կարող է երկար ժամանակով լինել։ Անորոշ ժամանակով հետաձգումը նաև անորոշ ժամանակով երկարացնում է տասնապատիկ ավելի երկար թվացող ու ծանր սպասումներն այն մարդկանց, ովքեր դեռ որևէ նորություն չունեն իրենց հարազատի ճակատագրի վերաբերյալ. «Ես չգիտեմ` ինքը գերի է, ինքը կա, չկա: Էս անորոշ վիճակն ուղղակի մեզ համար դանդաղ մահ է, տանջանք: Ես էլ հույս էլ չունեմ, որ իմ երեխուն կգտնեմ էլի: Ինչքան ժամանակ է գնում, արդեն գիտես` էլ երեխան չկա, չգիտես` ինչին սպասես», - ասում է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը:

Զինադադարից հետո` 2020թ.-ի նոյեմբերի 13-ից իրականացվող զոհված զինծառայողների աճյունների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1485 աճյուն, որոնք և՛ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված, և՛ ադրբեջանական կողմից փոխանցված դիերի ընդհանուր քանակն է։ Նախնական տվյալներով` 1485 աճյուններից 15-ը քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմական գործողություններին մասնակցած զինվորականներ, կամավորականներ և աշխարհազորայիններ։

«Ամեն դեպքում մենք միշտ պատրաստվում ենք և ունենք արդեն միշտ պատրաստ ջոկատներ, և որ ժամին ասեն, պատրաստ արդեն դուրս ենք գալու, միայն սպասում ենք իրենց թույլտվությանը», - նկատեց Ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Որոնողափրկարարական աշխատանքները պետք է իրականացվեն հարավային հատվածում՝ Որոտանի, Վարանդայի, Ջրականի և Հադրութի շրջաններում։ Թեպետ այս տարածքներում փրկրարաներն արդեն աշխատել են, այդուհանդերձ քանի որ ծնողների և օպերատիվ շտաբի տվյալներով անհայտ կորածների մեծ մասը հենց այս հատվածներում են եղել, ևս մեկ անգամ և առավել մանրակրկիտ որոնողական աշխատանքներ պետք է տարվեն՝ մնացած աճյունները հայտնաբերելու համար։

XS
SM
MD
LG