Մատչելիության հղումներ

Արա Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին:

Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ որոշումը բողոքարկելու են վերաքննիչ ատյան: Պաշտպանները նշում են, որ Արա Սաղաթելյանը հետապնդվում է իշխանությունների կողմից:

Փետրվարի 19-ին՝ ուշ գիշերին ձերբակալված Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը և հանրության լայն շրջանակներին անհայտ Արամ Սարգսյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար։ Ըստ ԱԱԾ-ի` հենց նրանք են Ֆեյսբուքում ստեղծել «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջը, որը հայտնի է իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատությամբ։

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով մեղադրյալ էր ներգրավել Արա Սաղաթելյանին, Կարեն Բեքարյանին, Մհեր Ավագյանին և Արամ Սարգսյանին ու միջնորդել դատարանին կալանավորել նրանց:

Արամ Սարգսյանն այսօր դատարանի որոշմամբ կալանավորվել է, իսկ Մհեր Ավագյանը՝ ազատ արձակվել:

Կարեն Բեքարյանին կալանավորելու միջնորդության մասին որոշումը կհրապարակվի վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG