Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր առավոտյան հրաժարական է ներկայացրել: Կառավարության ղեկավարի պարտականությունները ժամանակավոր ստանձնել է առաջին փոխվարչապետ Մայա Ցիցիշվիլին:
Իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, վարչապետի թեկնածու է առաջադրել ներկայիս պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին, այդ մասին հայտնել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
2013 թվականի նոյեմբերից մինչև 2015-ի դեկտեմբեր Ղարիբաշվիլին արդեն զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը: Առաջիկայում նա պետք է ձևավորի կառավարության նոր կազմը և այն ներկայացնի խորհրդարանի հաստատմանը:
Քաղաքական ճգնաժամի առիթը՝ Վրաստանի ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» լիդեր, պատգամավոր Նիկա Մելիային ձերբակալելու մասին Թբիլիսիի դատարանի որոշումն է, որը Վրաստանի ոստիկանները դեռ չեն կատարել: Իրավապահները Մելիային առաջարկում են կամավոր ներկայանալ բաժանմունք, սակայն ընդդիմադիր պատգամավորը մերժում է այդ հնարավորությունը:
Վարչապետ Գախարիան առավոտյան դիմել է հանրությանը և պարզաբանել հրաժարական ներկայացնելու որոշումը:
«Երեկ դատարանը պարոն Նիկա Մելիայի համար խափանման միջոց է ընտրել կալանքը, նա այն անձն է, ով չունի հարգանք պետության նկատմամբ, ով հայրենակիցներին դրդել է հարձակման խորհրդարանի վրա, բայց անկախ այդ հանգամանքներից, ես վստահ եմ, որ կալանքի որոշումը ծայրահեղ միջոց է: Նույնիսկ եթե այն միանգամայն օրինական է կոնկրետ անձի վերաբերյալ, միևնույն է, եթե խափանման միջոցը սրելու է ներքաղաքական իրավիճակը, եթե վտանգ է ստեղծելու մեր քաղաքացիների առողջության և կյանքի համար՝ այն չի կարելի կիրառել»,- ասել է վարչապետը:
Գախարիայի փոխանցմամբ, այսօր առավել քան երբևէ հրատապ է քաղաքական կայունությունը, որը թույլ կտա պայքարել կորոնավիրուսի համավարակի և տնտեսական ճգնաժամի դեմ, լուծել տարածաշրջանային հիմնախնդիրները:
«Ամենակարևոր նպատակն է խուսափել բևեռացումից, միայն այդպես մենք մեր երեխաներին կտանք լավ ապագա: Մարդուն կարելի է կալանավորել միայն այն դեպքում, եթե չկա վտանգ ուրիշների համար, եթե բոլոր ռիսկերը հաշվի են առնվել, եթե կա վստահություն, որ խափանման միջոցի ընտրությունը չի ստեղծի նոր առճակատում: Դժբախտաբար, ես չկարողացա դրանում համոզել իմ բոլոր թիմակիցներին, այդ պատճառով էլ ազատում եմ պաշտոնը»,- ասել է Գախարիան ուղերձում, որը հեռարձակել է «Առաջին ալիք» վրացական հեռուստաընկերությունը:
41-ամյա Նիկա Մելիան մեղադրվում է 2019-ին մայրաքաղաքում անկարգություններ հրահրելու մեջ և կարող է դատապարտվել ընդհուպ մինչև 9 տարվա ազատազրկման: Բախումները տեղի են ունեցել հունիսին այն բանից հետո, երբ խորհրդարանի շենքում հավաքվել են Ուղղափառ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի պատգամավորմները: Վրաստանի քաղաքական գործիչներին զայրացրել է այն հանգամանքը, որ Ռուսաստանի՝ ասել է թե ագրեսոր-պետության պատվիրակության ղեկավար Սերգեյ Գավրիլովը բազմել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին:
Մելիայի և մի շարք ակտիվիստների նախաձեռնությամբ սկսվել են ցույցեր, ընդհարումներ, խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է ներկայացրել:
Մելիան հերքում է մեղադրանքը և պնդում, որ իշխանության կողմից քաղաքական հալածանքների է ենթարկվում: Նա հրաժարվել է վճարել գրավը և, փաստորեն, ստիպել է դատարանին ընդունել խափանման միջոցը փոխելու որոշում:
Այժմ Մելիան իր համախոհների հետ գտնվում է «Ազգային միացյալ շարժման» գրասենյակում, իրավապահները գիտակցում են, որ նրան կալանավորելու փորձն անխուսափելիորեն կհանգեցնի ընդհարումների:
Դատարանը նրան կալանավորելու վճիռը կայացրել է Վրաստանում առանց այն էլ լարված ժամանակաշրջանում: Անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են սկանդալներով, անկախ դիտորդների փոխանցմամբ, գրանցվել են բազում խախտումներ, ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են վերցնել մանդատները:
«Ազգային միացյալ Շարժումը» ստեղծել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այն ժամանակին եղել է Վրաստանի իշխող կուսակցությունը, սակայն հետագայում պարտվել է մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած «Վրացական երազանք»-ին և դարձել է ընդդիմադիր կառույց: Ինքը՝ Սաակաշվիլին, 2013 թվականին հեռացել է Վրաստանից, որտեղ իր նկատմամբ կան հարուցված դատական գործեր:
Նիկա Մելիան հիմա պնդում է, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ ճանապարհը Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: