Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները կառավարությունից պահանջում են հրաժարվել ՔՕ-ում փոփոխություններից


Լրագրողական կազմակերպությունները կառավարությունից պահանջում են անհապաղ հրաժարվել «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծից: Թվով 11 կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ օրենսդիր և գործադիր իշխանությունները պետք է վերանայեն անհամաչափ սահմանափակումների միջոցով լրատվական դաշտը կարգավորելու քաղաքականությունը և լայն քննարկումներ նախաձեռնեն ոլորտում առաջացած նոր խնդիրների համարժեք լուծումներ գտնելու նպատակով:

«Միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական ռեգրեսիվ գործընթացները, որոնք ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով սպառնում են հանգեցնել լուրջ հետընթացի», - շեշտում են նրանք:

Օրենքի նախագծով նախատեսվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել 100 հազարից 500 հազար դրամի չափով: Իսկ եթե այդ արարքը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված անձի ծառայողական պարտականությունները կատարելու հետ, առաջարկվում է պատժել տուգանքով՝ 500 հազարից 3 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Ըստ լրագրողական կազմակերպությունների` այս նախագիծը տրամաբանական շարունակությունն է վերջին ամիսներին իշխանությունների ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնց միջոցով, ըստ նրանց, փորձ է արվում սահմանափակել խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG