Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է, որ հիմա ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ամենահարմար ժամանակահատվածն է


Թեհրանը Վաշինգտոնին ակնարկում է, նույնիսկ ուղղակի ասում է, որ հիմա ամենահարմար ժամանակահատվածն է ինչ-որ չափով կարգավորել հարաբերությունները, վերականգնել 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրի պարտավորությունները։

Նման հույսեր են արթնացել նախ Միացյալ Նահանգներում կատարված նախագահի փոփոխությունից հետո։ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը շատ կոշտ դիրքորոշում ուներ Իրանի հանդեպ։ Երկրորդ՝ Իրանում սպասվում են ներքին քաղաքական մեծ իրադարձություններ, որոնց պայմաններում դժվար է լինելու փոխզիջումների մասին խոսել, կամ գնալ ինչ-ինչ համաձայնությունների և այդ իրավիճակը կարող է շարունակվել առնվազն 7-8 ամիս։

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին երեկ ասել է, թե Միացյալ Նահանգները պետք է վերացնի Թեհրանի հանդեպ պատժամիջոցները, եթե ցանկանում է, որ Իրանը վերադառնա արևմտյան գերտերությունների հետ 2015-ին ստորագրած միջուկային համաձայնագրին։

Մեկնաբանները նշում են, որ Ջո Բայդենի ինագուրացիայից հետո սա Խամենեի առաջին ելույթն է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին։

Իսկ շաբաթ օրը Իրանի արտգործնախարարն, իրանական մամուլին տված հարցազրույցում, Վաշինգտոնին հորդորել է՝ քայլ կատարել միջուկային համաձայնագրին վերադառնալու ուղղությամբ։

Մոհամմադ Զարիֆը նշել է, որ հիմա ամենահարմար ժամանակն է, քանի որ Իրանի խորհրդարանում ընդունված օրինագիծը մոտակա օրերին կարող է ուժի մեջ մտնել, դրանից բացի Իրանը շուտով մտնելու է նախընտրական փուլ։

Նրա խոսքով` Ամերիկայի համար ժամանակը սպառվում է։ Անցած դեկտեմբերին Իրանի խորհրդարանում ընդունված օրինագիծը կառավարությանը պարտավորեցնում է կոշտացնել դիրքորոշումը միջուկային ազգային ծրագրերի հարցում, իսկ իրանական Ամանորից հետո երկիրն ընկնելու է նախընտրական փուլի մեջ։

Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու գալիք հունիսին։

XS
SM
MD
LG