Մատչելիության հղումներ

Նահանջ դրոշով. տեղափոխվող հենակետն ու անորոշությունը Ներքին Խնձորեսկում


Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի մոտակայքում ադրբեջանցիների զինվորականները վրաններ են տեղադրել ու սպասում են, որ հայկական կողմն ազատի տեղանքը։ Ադրբեջանական կողմը երեք ժամ է տվել, որպեսզի հայկական հենակետը հանվի ու հետ տարվի։

«Սա մեր դիրքն ա, իսկ դրանից 200 մետր առաջ իրանք էին։ Հիմա իրանք գալիս են ստեղ։ Գյուղացիներ ենք, մենք ինչ պիտի անենք, ոչ մի բան էլ մենք չենք կարում անենք։ Ոչ վերևից մարդ ա գալիս, որ ասի, թե ինչ ենք հետ քաշվում․․․ Մենք դեպուտատ ունենք, 250 ձայն ա հավաքել ու մինչև օրս էլ չկա։ Խաչատրյան Արմենը։ Մինչև օրս չես գալիս, տենաս ինչ ա կատարվում», - ասում է Ներքին Խնձորեսկի պայմանագրային զինծառայողներից մեկը։

Գյուղի պայմանագրային զինծառայողները վերջին օրերին որոշ դիրքեր հանձնում են ադրբեջանական կողմին։ «Դրոշը վերցրած պիտի առաջ գնայինք, բայց նահանջում ենք դրոշով», - զայրացած անընդհատ դրոշն են տեղափոխում։ - «Ջիպիէսով ցույց ա տալի տարածքը իրանցն ա, պըտի ազատենք․․․»

Մինչև այս պատերազմը Ներքին Խնձորեսկը ադրբեջանական սահմանից 130 կիլոմետրի վրա էր։ Լաչինն ու Կուբաթլուն հանձնելուց հետո գյուղը բառացիորեն ադրբեջանցիների բռի մեջ է։ Հենակետը անընդհատ հետ տեղափոխող պայմանագրայինններն ասում են՝ այն, ինչ վերջին օրերին են զիջում, հայկական հողեր են, Ներքին Խնձորեսկի ցորենի արտերն ու արոտավայրերն են։

«Էս պահին հենա իրանց մեքենան կանգնած է։ Մոտիկ ենք, շատ ենք մոտիկ։ Ճիշտ ա, մենք էդքան վախում չենք, բայց երեխաների մոտ վախը կա», - ասում է գյուղի բնակիր Հասմիկ Ղուլյանը։

Ադրբեջանական զինվորների վրանները Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ
Ադրբեջանական զինվորների վրանները Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ

Նրա տեսադաշտում ադրբեջանական վրաններն են, երեկ չորսն էին, այսօր երեքը, պարբերաբար հետևում է շարժին։ Պարզվում է նրանք էլ են հետևում․ - «Երեխաները, կանայք նայում էին հեռադիտակով, իրանք էնտեղից կանչում էին՝ Ղարաբաղ Ազրբեջան․․․»

«Մեզ համար անհասկանալի ա հետո ինչ ա լինելու։ Մենք թուրքից վախենում չենք, մեզ համար պրոբլեմ չի թուրքը։ Էս էրեխոցը հարցն ա․․․ Մեր վերջը ի՞նչ ա դառնալու։ Անտեր ենք, անտեր․․․», - ասում է Սենիկ Ղուլյանը։

Խնձորեսկում 460 ընտանիք է ապրում, իսկ Ներքին խնձորեսկում 36 տուն է։ Պատերազմից հետո այստեղ Արցախից տեղահանված մի քանի ընտանիքներ հաստատվեցին, նրանք մտադիր են այստեղ էլ մնալ, եթե պետությունը գոնե տան հարցը լուծի։

Խնձորեսկում այժմ շատերն են զրկվել եկամտի աղբյուրից․ անասուններին արոտավայր չեն կարող տանել, արտերը ադրբեջանական կողմի աչքի առաջ են։

«Կառավարությունից, պետությունից ա կախված։ Նայած ժողովրդին ոնց են տեր կանգնում, ոնց են աջակցում, մարդիկ ոնց են իրանց անվտանգ զգում», - ասում է Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը։ - «Բայց երբ որ մարդը չկարա ինքը իրա եկամուտը ստեղծի, իրա էրեխեն պահի, իրա ուսանողի վարձը տա, ես ո՞ւմ կարամ ասեմ՝ չէ, դու մնա ստեղ, պըտի մնաս․․․ Ես չեմ կարա»։

Երվանդ Մալունցն ահազանգում է՝ սահմանապահ դարձած համայնքի համար ծրագրերը ուշանում են․ - «Ինչ անելու են, պիտի արագ անեն։ Հիմա Ներքին Խնձորեսկում 20-22 աշակերտ ա դպրոցում, մանկապարտեզը փակման եզրին, դպրոցը փակման եզրին․․․ դե արի գյուղ պահի։

Մինչև Արցախի առաջին պատերազմը խնձորեսկցիների հարևանները խորհրդային ադրբեջանի երկու գյուղերի բնակիչներն էին։ Մինչև 90-ականները շփում, գնալ գալ կար, հիշում է Սենիկ Ղուլյանը, բայց հիմա իր աչքի առջև իր ճանաչած ադրբեջանցիները չեն։ Այս նորերին ընտելանալու համար ժամանակ է պետք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG