Մատչելիության հղումներ

Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության երաշխավորը․ Անդրանիկ Քոչարյան


Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան
Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան

Այսօր ԱԺ-ում էր Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նա աշխատանքային փակ հանդիպումներ ունեցավ Ազգային ժողովի նախագահի, Պաշտպանության հանձնաժողովի նախագահի և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ։

Հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություն չկա, ինքը նախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով․ - «Բոլոր հարցերին, բնական է, ես կպատասխանեմ համապատասխան պահին»։

«Ազատությունը» դեռ հունվարի 11-ին էր գրավոր հարցման միջոցով դիմել Պաշտպանության նախարարություն՝ փորձելով ճշտել, թե արդյոք Հայաստանի զինված ուժերը դուրս են բերվում Արցախից, կամ արդյոք այլևս հայաստանցիները ժամկետային զինծառայություն չեն անցնելու Արցախում։ Այս և մի շարք այլ հարցերի պատասխանը նախարարությունը շրջանցել էր՝ նշելով, որ հարցման մեջ նշված տեղեկությունները չեն հանդիսանում պաշտոնական գործընթաց։

Նախարարն այսօր Ազգային ժողովում այս հարցերին նախընտրեց ընդհանրապես չպատասխանել։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպման բովանդակությունից մանրամասներ չհայտնեց։ Ասաց, որ այսուհետ նախարարը հաճախ կլինի խորհրդարանում, քանի որ Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է։ Քոչարյանը չհերքեց, որ հանդիպմանը քննարկվել են նաև Արցախի պաշտպանության բանակին, ժամկետային զինծառայությանը վերաբերող հարցեր, բայցև այս պահին վաղ համարեց այդ մասին խոսելը։ Միայն հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության երաշխավորը․ - «Հարց համար մեկ․ Հայաստանը մնո՞ւմ է Արցախի անվտանգության երաշխավորը։ Այո։ Հարց երկրորդ․ ինչպե՞ս։ Այնպես, ինչպես մինչ այդ էր անում, բայց մի քիչ այլ բարդություններով, որովհետև հետպատերազմյան շրջանը ստեղծել է նաև որոշակի բարդություններ։ Ինչպե՞ս պետք է հաղթահարենք։ Միասնաբար, չխանգարելով, ավելորդ լարվածություն չստեղծելով։ Որովհետև շատ փխրուն իրավիճակ ա։ Որովհետև մենք, ուզենք թե չուզենք, առաջնահերթ պետք է պահպանենք հրադարարի ռեժիմը։ Չխոչընդոտելով հրադադարի ռեժիմը, ժամանակի մեջ կողմնորոշվելով, մեր անվտանգության կարողությունները ավելացնելով և խաղաղ պայմաններում էդ կարողությունների ավելացման շնորհիվ ավելի լավ, էֆեկտիվ փորձել իրականացնել մեր՝ երաշխավորի կարգավիճակը»

«Ազատության» հարցին, թե կկարողանա՞ն արդյոք հայաստանցիները ցանկության դեպքում ծառայությունը շարունակել Արցախում, Քոչարյանը պատասխանեց․ - «Հայաստանցիները միշտ իրենց ցանկության դեպքում են եղել ծառայության։ Ուրիշ ձևակերպում խնդրում եմ ինձանից չստանաք․․․Խոչընդոտներ միշտ փորձելու են ստեղծել․․․ Խոչընդոտները հաղթահարելով՝ հասնել մեր նպատակին»։

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, մեկնաբանելով Պաշտպանության բանակի կազմալուծման մասին լուրերը, հայտարարել էր, որ Արցախի պետական մարմինները այժմ զբաղված են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով։ Անդրանիկ Քոչարյանին խնդրեցինք մեկնաբանել՝ ինչպե՞ս են Հայաստանում հասկացել այս հայտարարությունը։

«Ես չեմ հետևել պարոն Բալասանյանի հայտարարություններին։ Եթե վտանգավոր հայտարարություն է արել, ես անպայման հիմա կնայեմ և․․․ Եվ վերջին հաշվով, մենք չենք շարժվում Վիտալի Բալասանյանի հայտարարություններով։ Մենք շարժվում ենք Հայաստանի և Արցախի անվտանգության միասնական համակարգի տրամաբանությամբ», - պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը։

Իսկ հարցին՝ Արցախի պաշտպանության բանակը շարունակելո՞ւ է գոյություն ունենալ, նա արձագանքեց․ - «Այսօր կա Պաշտպանության բանակի հրամանատար։ Դա ի՞նչ ա նշանակում։ Գեներալ-լեյտենանտ․․․ կա չէ՞ էդ բանակի հրամանատարը։ Դա նշանակում ա, որ Պաշտպանության բանակը կա, չէ՞։ Եթե չլինի հնարամատար, նշանակում է էդ բանակը չկա։ Ով ինչ ուզում ա ասի։ Ինչպիսի՞ն պետք ա լինի բանակը․․․ նոր խնդիրներ, բնականաբար, ծագել են։ Էդ խնդիրների լուծումից է կախված, թե ինչպիսի Պաշտպանության բանակ կունենանք, ինչ վերադասավորումներ կլինեն մարդկային ուժի, ռեսուրսի, կամավոր ուժի․․․ հազար ու մի հարցեր կան։ Ամեն ինչ կախված է, թե մեր ազգաբնակչությունը Արցախում ինչքանով ապահով կզգա և կամրացնի իրենց դիրքերը այն տարածքում, որը էսօր մեր վերահսկողության տակ է գտնվում։ Խոսքը ազգանակչության Արցախում բնակվելու իրավունքը ամրացնելու մասին է»։

XS
SM
MD
LG