Մատչելիության հղումներ

Բայդենը հայտարարում է, որ Ամերիկան պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում


«Ամերիկան ​​վերադարձավ միջազգային ասպարեզ, դիվանագիտությու՛նը վերադարձավ», - երեկ հայտարարեց  Ջո Բայդենը`նախագահի պաշտոնում առաջին անգամ ներկայացնելով իր տեսլականն ու անելիքները արտաքին քաղաքականության ոլորտում:

Շաբաթներ առաջ Սպիտակ տուն եկած առաջնորդի շեշտադրումները հստակ էին` իր վարչակազմի օրոք Ամերիկան առավել վճռական է լինելու ավտորիտար վարչակազմերի, այդ թվում Ռուսաստանի և Չինաստանի հանդեպ, առավել հետևողականորեն է պաշտպանելու սեփական շահերը, ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները` վերականգնելով հարաբերությունները դաշնակիցների հետ:

«Ամերիկան պատրաստ է վերստին իր վրա վերցնել առաջնորդությունն աշխարհում», - ընդգծեց Միացյալ Նահնագների նորընտիր նախագահը:

«Ամերիկյան վարչակազմը պետք է դիմակայի բռնապետությունն ընդարձակելու այս նոր ալիքը, այդ թվում` հակադարձի Միացյալ Նահանգների հետ մրցելու` Չինաստանի աճող հավակնություններին ու մեր ժողովրդավարությունը վնասելու և խարխլելու Ռուսաստանի մտադրությանը», - հայտարարեց նա:

Ռուսաստանին, ինչպես և ակնկալվում էր, Բայդենը թերևս ամենից շատն անդրադարձավ: Դեմոկրատ առաջնորդը դեռ քարոզարշավի ընթացքում էր հայտարարել, որ վերանայելու է հարաբերությունները Մոսկվայի հետ` որդեգրելով իր նախորդ Դոնալդ Թրամփից առավել կոշտ դիրքորոշում: Երեկ էլ, դիմելով արտաքին քաղաքական գերատեսչության`Պետդեպարտամենտի աշխատակիցներին, Բայդենը պնդեց` ինքն այս ուղերձը փոխանցել է ռուսական կողմին առաջին իսկ հեռախոսազրույցի ընթացքում․ - «Ես շատ հստակ բացատրեցի նախագահ Պուտինին, ընդ որում, ամենևին ոչ այնպես, ինչպես իմ նախորդն էր անում, որ անցել են ժամանակները, երբ Միացյալ Նահանգները չէր նկատում Ռուսաստանի ագրեսիվ միջամտությունը ընտրություններին, չէր նկատում կիբերհարձակումներն ու հետապնդումները սեփական քաղաքացիների հանդեպ: Մենք չենք վարանի բարձրացնել այն գինը, որ Ռուսաստանը պետք է վճարի այս ամենի դիմաց, և ամեն ինչ կանենք` պաշտպանելու մեր առանցքային շահերը»:

Անցած շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ անդրադառնալով այս հարցին` Բայդենը վերստին պնդեց, թե Ռուսաստանի իշխանությունը ապօրինաբար է ազատազրկել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն: «Նա թիրախում է կոռուպցիան բացահայտելու համար», - ասաց Միացյալ Նահանգների առաջնորդը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը հետամուտ է լինելու այս հարցին և պատրաստ է համագործակցել դաշնակիցների ու համախոհների հետ, որպեսզի Ռոսաստանի հանդեպ քայլերն առավել արդյունավետ լինեն:

Բայդենի այս հայտարարությունը հնչեց ճիշտ այն ժամանակ, երբ Նավալնու ազատազրկման հարցով Մոսկվա ժամանեց Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորելը: Այցից առաջ արևմտյան առաջնորդները հրապարակավ հայտարարել էին, որ պատրաստ են խստացնել պատժամիջոցները, եթե Մոսկվան շարունակի հալածանքները ընդդիմադիրների հանդեպ:

«Նավալնու՝ քաղաքական շարժառիթներով ազատազրկումը, ինչպես նաև կարծիքների ու հավաքների ազատությունը ճնշելու Ռուսաստանի փորձերը, խորապես մտահոգում են մեզ ու միջազգային հանրությանը: Նավալնին, Ռուսաստանի մյուս բոլոր քաղաքացիների նման, ունի իրավունքներ, որոնք ամրագրված են այդ երկրի Սահմանադրությամբ: Նա պետք է ազատ արձակվի` անհապաղ և առանց նախապայմանների»:

Բայդենը միաժամանակ պնդեց, որ կամուրջներն այրելու մտադրություն չունի, և պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Որպես օրինակ Միացյալ Նահանգների նախագահը վկայաբերեց հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը, որն այս շաբաթ Վաշինգտոնն ու Մոկսվան որոշեցին երկարաձգել ևս հինգ տարով:

«Մենք պետք է դիվանագիտորեն շփումների մեջ լինենք նաև մեր հակառակորդների ու մրցակիցների հետ», - հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը:

Ռուսաստանի նախագահական աշխատակազմն այսօր ափսոսանքով է արձագանքել այս ելույթին` «ագրեսիվ» ու «ոչ կառուցողական» որակելով Բայդենի շեշտադրումները հատկապես Ալեքսեյ Նավալնուն ազատ արձակելու մասով:

«Վերջնագրային նոտաները ընդհանրապես անընդունելի են մեզ համար», - հակադարձել է նախագահ Պուտինի խոսնակը:

Դմիտրի Պեսկովը միաժամանակ հույս է հայտնել, որ երկու գերտերություններին այդուամենյանիվ կհաջողվի պահպանել երկխոսությունը․ - «Չնայած բազմաթիվ տարաձայնություններին ու առանցքային հարցերի վերաբերյալ միմյանցից տարբերվող դիրքորոշումներին, մենք ունենք նաև հիմքեր փոխգործակյցության համար: Մենք ակնկալում ենք, որ ամերիկացիները քաղաքական կամք կցուցաբերեն, որպեսզի շարունակենք շփումները»:

Բայդենի ելույթից ժամեր առաջ նրա կուսակից և ընդդիմադիր` հանրապետական մի շարք սենատորներ ամերիկյան Կոնգրեսին օրինագիծ էին ներկայացրել` առաջարկելով հասցեական պատժամիջոցներ սահմանել ռուսաստանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը և Ռուսաստանում «Նովիչոկ» տեսակի մարտական թունավոր նյութի պատրաստմանը: Փաստաթուղթը նաև կոչ է անում Պետդեպարտամենտին անել հնարավորը, որ Գերմանիան հրաժարվի Ռուսաստանից ձգվող «Հյուսիսային Հոսք-2» գազատարից, ինչպես նաև ստիպի Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել Ալեքսեյ Նավալնուն։

Նախագահ Բայդենն այս օրինագծի վերաբերյալ իր դիրքորոշումը դեռ չի բարձրաձայնել: Երեկ սակայն, ելույթ ունենալով Պետդեպարտամենտում, նա պնդել է` արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինեն Ամերիկայի ամենանվիրական արժեքները` պայքարը հանուն ազատության, հիմնարար իրավունքների պաշտպանությունը, հավասար հնարավորություններն ու արժանապատիվ վերաբերմունքը յուրաքանչյուրի հանդեպ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG