Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պահանջներից է եղել, որ Արցախը զինված ուժեր չունենա, ասում է փորձագետը


Արցախի իշխանությունները զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով, որոնք պիտի պաշտպանեն Արցախի սահմանները, այս մասին երեկ ուշ երեկոյան հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն օրերս հայտարարել էր, որ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կազմալուծվելու է։ Այս մասին գրում էր նաև մամուլը։

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ այդ լուրերի տրամաբանությամբ Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու, սակայն նա հայտարարում է, որ ստեղծվելիք ստորաբաժանումները հենց այդ գործը պիտի անեն։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ խոսքը Արցախի զինված ուժերի գոյության դադարեցման մասին է, հիշեցնում է՝ հակամարտության պատմության ընթացքում Ադրբեջանի պահանջներից մեկն այն էր, որ Արցախը զինված ուժեր չունենա։ Փորձագետի կարծիքով, սական, Վիտալի Բալասանյանի մատնանշած պրոֆեսիոնալ ստորաբաժանումները կատարելու են նույն գործառույթը, ինչը մինչև այժմ իրականացնում էր Պաշտպանության բանակը. «Ավելին ըստ իս` պրոֆեսիոնալ ասվածն ավելի մոբիլ կարող է լինել և ավելի լավ իրականացնել իր առջև դրած խնդիրները»:

Փորձագետն այդուհանդերձ հարց է բարձրացնում՝ ի՞նչ է լինելու արցախա-ադրբեջանական սահմանագծի դիրքերի հետ, արդյոք դրանք պահվելու են, թե ոչ։ Իր հայտարարությունում Բալասանյանն այս հարցին չի անդրադարձել. «Անտառային պայմաններում կամ ռելիեֆային բարդ պայմաններում հնարավոր չէ թողնել հենց այնպես այդ բնագիծը և գնալ գյուղում կամ բնակավայրում հանգիստ նստել»:

Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ այս փոփոխությունը մեծ հաշվով վերաբերում է զինված ստորաբաժանումների անվանը և բխում է Ադրբեջանի պահանջից. «Ես համարում եմ, որ սա Ադրբեջանի պահանջներից մեկն է և անվանական փոփոխություն է: Եվ այնպես է ստացվել, որ երկու կողմին էլ ձեռնտու տարբերակով պետք է լուծվի: Գիտեք, Ալիևն իր հասարակության շրջանում կարող է ասել` այ տեսեք, ես հասա նրան, որ Արցախի Հանրապետության պաշտոնական բանակը կազմալուծեցի, այսինքն` սա բավարար է Ալիևի համար»:

Հովհաննիսյանի կանխատեսմամբ՝ ավելի հավանական է, որ այդ ուժերը շարժական կամ կիսաշարժական կլինեն, բուն դիրքային գործառույթ չեն իրականացնի. «Հիմա դժվար է ասել, թե ինչ է լինելու, մոտավորապես պատկերացնում ենք, բայց մինչև այն գործածության մեջ չմտնի, և մինչև իր բացասական և դրական կողմերը չտեսնենք, չենք կարող ասել վերջնականապես` ինքն ինչ է լինելու»:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իր հայտարարությամբ անդրադարձել է մի շարք այլ հարցերի: Նա պնդում է՝ այն խոսակցությունները, թե Ստեփանակերտի խանութներում ադրբեջանցիները գնումներ են կատարում, որևէ հիմք չունեն: Ըստ Բալասանյանի` անհիմն է նաև այն մտավախությունը, թե Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղն առաջիկայում կբնակեցվեն ադրբեջանական ընտանիքներով։

XS
SM
MD
LG