Մատչելիության հղումներ

Փաշինյանը պարզաբանում է՝ իր ձևակերպումը ոչ թե Շուշիի ծագումնաբանությանն էր վերաբերում, այլ՝ կարգավիճակին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուշիի վերաբերյալ արած իր աղմկահարույց հայտարարությունից 10 օր անց պարզաբանում է՝ խորհրդարանական ամբիոնից հնչած իր ձևակերպումը ոչ թե Շուշիի ծագումնաբանությանն էր վերաբերում, այլ՝ նրա կարգավիճակին։

«Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է իր այդ կարգավիճակով», ահա այս արտահայտությունը օգտագործելով ոմանք պնդում են արել, թե ես պնդում եմ, թե Շուշին հայկական քաղաք չէ», - ասաց վարչապետը:

Փաշինյանը կրկնեց՝ հայկական կողմը համաձայնել է պատերազմը ավելի վաղ կանգնեցնել, մինչդեռ Ադրբեջանը նոր պայման է առաջադրել, որ Շուշի պետք է վերադառնան ադրբեջանցի փախստականները։ Հայտարարեց՝ խորհրդարանական ամբիոնից պատասխանելով Նաիրա Զոհրաբյանին, արձագանքել էր իրեն քննադատողներին, թե չի օգտվել Շուշին հայկական կարգավիճակով պահելու հնարավորությունից: «Ես արձագանքել եմ ընդամենը այդ իրողությանը և այդ արձագանքներին, թե այդ ովքեր են և ինչպես են համարում, որ երբ որ Շուշի քաղաքում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո, ինչպես պատգամավորն է հարցնում», - նշեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Պատերազմն ավելի վաղ դադարեցնելու ու Շուշին հայկական կողմի վերահսկողության տակ պահելու հնարավորության մասին Ռուսաստանի նախագահն էր խոսել: Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 19-ից 20-ը հրաժարվել է ընդունել հրադադարի մասին առաջարկը, երբ Ադրբեջանի նախագահը համաձայնել էր փախստականների վերադարձի պայմանով, այդ թվում՝ Շուշի, դադարեցնել ռազմական գործողությունները:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, լսելով վարչապետի այսօրվա պարզաբանումները, մնացել է նույն համոզմունքին՝ վարչապետը կասկածի տակ է դնում Շուշիի հայկական պատկանելությունը, ավելին, ըստ Զոհրաբյանի, Փաշինյանը հաստատում է՝ հոկտեմբերի 19-ին հնարավորություն է եղել մի քանի անգամ ավելի քիչ կորուստներով դադարեցնել պատերազմը:

«Հիմա ամենազարհուրելին այն է, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը կարող էր դադարեցվել և Նիկոլ Փաշինյանը դա ընդունում է, այո, կարող էր, իսկ դա նշանակում է, որ մենք կունենայինք մի քանի հազար անգամ պակաս զոհ և Արցախի 75 տոկոսը կորսված չէր լինի, սա է այս ամբողջ արցախյան պատերազմի ամենածանր դավաճանություններից մեկը», - ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը համոզված է՝ եթե հայկական կողմը ընդուներ ադրբեջանական կողմի պայմանը, ապա Շուշի ոչ մի ադրբեջանցի էլ ոտք չէր դնի։ Ասում է՝ պետք էր այդ գնով դադարեցնել պատերազմը։ Զոհրաբյանը Փաշինյանի պարզաբանումները որակում է որպես հերթական մանիպուլյացիա. «Դա ցնդաբանություն է, որովհետև եթե Շուշին մնար հայկական վերահսկողության տակ, մեկ ադրբեջանցի, անգամ փայտով էլ ծեծեր Ալիևը, Շուշի չէր գնա: Ավելին՝ օրերս Շուշիի քաղաքապետը հայտարարեց, որ 2008 թվականին արդեն Շուշիի ամբողջ բնակֆոնդը սպառված էր, այնտեղ մեկ ազատ բնակարան անգամ չկար, անգամ տեխնիկապես հնարավոր չէր լինելու տեսանելի ապագայում որևէ ադրբեջանական ընտանիքի վերադարձ Շուշի»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ ընդդիմադիրների մեկնաբանությունն է մանիպուլյացիա համարում։ Քաղաքագետն ասում է՝ վարչապետի խոսքում հակասական որևէ բան չկա։

«Շատ զարմացած եմ, որ այդ աղմուկը բարձրացվեց: Ուղղակի, այսպես կոչված, ռադիկալ ընդդիմությունը, քանի որ ոչ մի նպատակ չունի երկխոսության մտնել, ոչ մի նպատակ չունի կայունացնել իրավիճակը, ուղիղ հակառակը՝ ամեն մի խոսք վարչապետի դառում է մատի փաթաթան՝ ահա, եթե դու ասում ես, որ Շուշիում 90 տոկոսը ադրբեջանցիք են, ուրեմն դու համարում ես, որ Շուշին ադրբեջանցիներինն է», - ասաց քաղաքագետը:

Պուտինի հայտարարությունը, թե պատերազմն ավելի վաղ դադարեցնելու հնարավորություն է եղել, Ստեփան Գրիգորյանն այդքան էլ հավանական չի համարում, ասում է՝ այդ հայտարարությամբ ռուսական կողմը փորձում է հայ ժողովրդի շրջանում վերականգնել սեփական իմիջը՝ պատասխանատվությունը գցելով վարչապետի վրա։ «Ադրբեջանը պատերազմում էր մեր դեմ, այո, Թուրքիան բաց աջակցում էր Ադրբեջանին, բայց քաղաքական մասը կար, և այդ քաղաքական մասով Ռուսաստանը մեզ դավաճանեց», - նշեց Գրիգորյանը:

XS
SM
MD
LG