Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ընտրություններին, երբ էլ դրանք կազմակերպվեն


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է՝ մասնակցելու է ընտրություններին, երբ էլ դրանք կազմակերպվեն։ Այդ մասին նախկին նախագահն ասաց երեկ ուշ երեկոյան երեք լրատվամիջոցների տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ընթացիկ և ապագա գործընթացներին ինչպես են մասնակցելու։

«Ունենք քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, կա նաև թիմ։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ, որ լիներ մի լագ, որի ընթացքում վիճակը հնարավոր կլինի կայունացնել և շատ ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել ընտրություններ։ Որովհետև այսօր արտահերթ ընտրությունները՝ այս մթնոլորտում, այս հակասությունների, անորոշությունների, շատ զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում, իսկապես վտանգավոր է։ Դրա համար ճիշտը այդ ֆորմատն է, այդ լագն է, հետո՝ արտահերթ ընտրություններ, և այստեղ, իհարկե, միանշանակ եմ մասնակցելու», - նշեց նախկին նախագահը՝ հավելելով․ - «Բայց, այնուամենայնիվ, եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրությունները ավելի արագ, իսկ իրենք ոնց որ այդ ձայները ունեն խորհրդարանում, ապա ևս չեմ կարծում, որ ճիշտը չմասնակցելն է, կարծում եմ՝ մասնակցելը ճիշտ է։ Հակառակ դեպքում, մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատել իրենց իշխանությունը»։

Ընդգծելով, որ հասկանում է նաև «այս հարցի հետ կապված բոլոր խնդիրները՝ թերահավատությունը, որ կեղծելու են, որ լեգիտիմությունն են փորձում վերահաստատել», Քոչարյանը շարունակեց․ - «Այս ամենը կա, և կիսում եմ այդ մտահոգությունը։ Բայց եթե չհաջողվի, կրկնեմ այս միտքը, ունենալ այդ անհրաժեշտ լագը երկրի համար, եթե այս մարդիկ չեն հասկանում, որ այս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար, և այնուամենայնիվ գնան այլ քայլին, ընտրություններում իրենց մենակ թողնել, այսպես, հանրության հետ, ուղղակի չեմ կարծում, որ ճիշտ է։ Դրա համար, իրոք, մասնակցելու ենք և կրելու ենք»։

XS
SM
MD
LG