«Նոյեմբերի 9-ի համաձայնությունը ներառում է որոշակի կետեր, բայց կան համաձայնությունից դուրս մնացած հարցեր։ Մինսկի խմբի կարևորությունը հենց այդտեղ է, զբաղվել այն հարցերով, որոնց անդրադարձ չկա։ Դեկտեմբերին Մինսկի խմբի ունեցած հանդիպումների շրջանակներում տարբեր կողմեր եկան համաձայնության, որ խումբը պահպանում է իր դերը գործընթացում։ Հետևաբար մենք մյուս համանախագահների հետ մնում ենք ամբողջովին ներգրավված։ Մինսկի խմբի շրջանակներում, այս շաբաթվա սկզբին համանախագահները հանդիպել են Լեհաստանում։ Հաջորդ փուլում, կարծում եմ, օգտակար կլինի այցելել այս տարածաշրջան», - ասաց ֆրանսիացի դիվանագետը։
Ժան Բատիստ Լըմուանին խնդրեցինք արձագանքել Ալիևի այն հայտարարություններին, թե ղարաբաղյան հակամարտություն այլևս գոյություն չունի։
Ֆրանսիացի պաշտոնյան հարցին հստակ չպատասխանեց՝ խոսելով ապագայի հնարավորությունների մասին․ - «Բարի կամքի ուժը նախ դրսևորվում է մարդասիրական կարիքներին արձագանքելով, կարիքներ, որոնք արտահայտվել են Հայաստանի կողմից։ Ես ինքս դեկտեմբերին մարդասիրական թռիչքով եկել եմ Հայաստան հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Օգնությունը պետք է ցուցաբերվի արագ և տեղին։ Երկու երկրների ղեկավարները պարբերաբար շփվում են, վերջին անգամ զրուցել են հունվարի 6-ին։ Այդ զրույցի արդյունքում ես այսօր Հայաստանում եմ՝ նաև ապագային միտված աշխատանքի համար։ Դրանք ծրագրեր են, որ ունի կառավարությունը և որոնց Ֆրանսիան կարող է աջակցել։ Ամեն ինչ կանենք, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգանա»։
Դառնալով պատերազմին՝ Լըմուանը նշեց. - «Եղել է համաձայնություն, որ կնքվել է նոյեմբերի 9-ին, կարևոր է, որ այդ համաձայնության դրույթները պահպանվեն և հարգվեն։ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, մյուս համանախագահների հետ միասին կշարունակի լինել բարի կամքի ուժը, որը խոսում է երկու կողմերի հետ, և կանի ամեն ինչ որպեսզի հաշտեցումը դառնա հնարավոր։ Ֆրանսիայի պատմության ընթացքում բավականին դրամատիկ պահեր ու հակամարտություններ են եղել, բայց կարողացել ենք հաշտեցման գնալ, օրինակ, գերմանացիների հետ։ Ուստի կարծում ենք, որ պետք է շարունակենք աշխատել՝ ձգտելով այդ հաշտեցմանը»։
Բաքվից Երևան ժամանած ֆրանսիացի պաշտոնյայից լրագողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք Ալիևի հետ զրույցում անդրադարձ եղել է գերիների հարցին։
«Բնականաբար այդ հարցը արծարծում են Ադրբեջանի իշխանությունների հետ հենց հնարավորությունն ունենում ենք։ Ամեն դեպքում երկու կողմերի հետ էլ մեր հարաբերություններում փակ թեմաներ չկան, քննարկում ենք բոլոր հնարավոր հարցերը։ Հասկանում եմ, որ մտատանջություն կա հայ ընտանիքներում, հատկապես այն ընտանիքներում, որոնք դեռ չեն գտել իրենց որդիներին։ Ռազմագերիների հարցում գլխավոր մանդատը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ունի, որն աշխատում է այդ ուղղությամբ։ Բայց, բնականաբար, մենք էլ ցանկացած հնարավորության դեպքում արծարծում ենք այդ հարցը», - ասաց նա։
Այսօր Ժան Բատիստ Լըմուանը Հայաստանի կրթյության նախարարի և երկու երկրների դեսպանների հետ այցելեց մեծ ֆրանսիացի գրող, հայկական հարցի պաշտպան Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի շենքի տարածք։ Երևանի նախկին համար 16 դպրոցի շենքը Հայաստանի կառավարությունը այս տարվա ամռանը տրամադրել է Ֆրանսի անվան կրթահամալիրին անհատույց օգտագործման՝ ցույց տալու Ֆրանկոֆոնիայի հանդեպ իր հանձնառությունը։ Դպրոցում այժմ նորոգման աշխատանքներ են ընթանում։