ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, պաշտոնը ստանձնելուց ուղիղ մեկ շաբաթ անց` երեկ, առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հետ:
Պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան սակայն, տարբեր կերպ են ներկայացրել այդ զրույցի մանրամասները: Սպիտակ տունը, մասնավորապես, հայտարարել է` Ջո Բայդենն իր մտահոգությունն է արտահայտել Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնու թունավորման, ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտության, հաքերային հարձակումների և երկկողմ հարաբերություններում առկա մյուս կնճռոտ հարցերի վերաբերյալ:
Մտահոգություններին զուգահեռ Բայդենը խոսել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում` միջուկային սպառազինությունների կրճատման պայմանագիրը հինգ տարով երկարաձգելու շուրջ: Պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ երկու նախագահները համաձայնել են առաջիկա օրերին ավարտին հասցնել այս ուղղությամբ աշխատանքները:
Ինքը` Բայդենը, զրույցից առաջ հայտարարել էր` պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ, միաժամանակ, մտադիր չէ աչք փակել երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վրա. «Մենք կարող ենք աշխատել մեր երկկողմ շահերից բխող հարցերի, օրինակ, միջուկային զենքին վերաբերող նոր պայմանագրի վրա։ Միաժամանակ, հստակ ի ցույց դնել Ռուսաստանին, որ շատ մտահոգված ենք նրա պահվածքով` լինի դա Նավալնու հարցում, հաքերների, թե հաղորդումների, ըստ որոնց ռուսները պարգևավճար են տվել Աֆղանստանում ամերիկացի զինվորների սպանության համար»:
Կրեմլի տարածած հաղորդագրությունում, մինչդեռ, նշվում է` Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բայդենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և ընդգծել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների շահերից: «Քննարկվել են երկու երկրների հարաբերություններին և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր», - տեղեկացնում է Կրեմլը, հաստատելով`երկու նախագահները խոսել են նաև Ուկրաինայի մասին:
Ամերիկյան կողմն այս առթիվ նշում է` նախագահ Բայդենն իր հստակ աջակցությունն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, Կրեմլը, մինչդեռ, զրույցի այդ հատվածը ներկայացնում է զուտ որպես «ներուկրաինական կարգավորմանն առնչվող հարց»՝ առանց հավելյալ մանրամասների:
«Ընդհանուր առմամբ, նախագահների զրույցը կրել է գործնական ու անկեղծ բնույթ, համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումները», - հայտարարել է Ռուսաստանի նախագահական աշխատակազմը` այդպես էլ որևէ խոսք չասելով Բայդենի արտահայտած մտահոգությունների, այդ թվում` ընդդիմադիր Նավալնու թունավորման մասին:
Զրույցը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Մինչ Պուտինին զանգահարելը, ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցներ էր ունեցել իր դաշնակիցների`Մեծ Բրիտանիայի վարչապետի Բորիս Ջոնսոնի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Ավելի վաղ Ջո Բայդենը հայտարարել էր, որ պաշտոնը ստանձնելուց հետո մտադիր է արմատապես փոխել Միացյալ Նահանգների քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, և ի տարբերություն իր նախորդի` նախագահ Դոնալդ Թրամփի, առավել կոշտ արձագանքել Կրեմլի «անընդունելի քայլերին»:
Նախագահական քարոզարշավի ընթացում, մասնավորապես, CBS-ին տված հարցազրույցում Բայդենը ուղիղ տեքստով ասել էր, որ հենց Ռուսաստանն է համարում իր երկրի ու Ամերիկայի դաշնակիցների անվտանգության գլխավոր սպառնալիքը: Դրանից մի քանի տարի առաջ էլ, ելույթ ունենալով Դավոսում`Համաշխարհային տնտեսական համաժողովում, Բայդենը հայտարարել էր` նախագահ Պուտինի օրոք Ռուսաստանն օգտագործում է ցանկացած հնարավոր միջոց` արևմուտքի խարխլման հնարավորությունները շոշափելու և իր ազդեցության ոլորտներն ընդարձակելու համար»:
Երեկ էլ, Բայդեն-Պուտին հեռախոսազրույցից հետո, Սպիտակ տունը հայտարարել է` «ԱՄՆ Նախագահը ընդգծել է, որ Ամերիկան կոշտ քայլերի կդիմի` հակազդելու իր և իր դաշնակիցների շահերի դեմ Ռուսաստանի քայլերին»: Կրեմլի հաղորդագրության մեջ այս մասին ևս որևէ բառ չկա: