Մատչելիության հղումներ

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների նպատակը, ըստ փորձագետների, Հայաստանը վախի մթնոլորտում պահելն է


Թուրք-ադրբեջանական զորավարժություններ, 9 օգոստոսի, 2020թ.
Թուրք-ադրբեջանական զորավարժություններ, 9 օգոստոսի, 2020թ.

Հայաստանի սահմանների մոտ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ակտիվությունը՝ զորավարժությունների տեսքով, փորձագետների կարծիքով` ուժի ցուցադրում է, նպատակը՝ վախի մթնոլորտում պահել Հայաստանը:

Կարսում փետրվարի 1-12-ը Թուրքիան ու Ադրբեջանը «Ձմեռ-2021» համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ այս զորավարժությունները կտարբերվեն նախորդներից նոր՝ հիմնականում հարձակողական զինատեսակների ցուցադրությամբ. կներգրավվեն տանկային, հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկ նշանակության ջոկատներ և դիպուկահարներ:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը թեպետ մտահոգվելու լուրջ պատճառներ չի տեսնում, այդուհանդերձ ընդգծում է՝ հետևություններ պետք է անել. «Օգտագործվելու են Թուրքիայի ռազմարդյունաբերության վերջին շրջանում նոր, այսպես ասած, ձեռքբերումները, զորքերի մկանների ցուցադրությունը, որի գլխավոր նպատակը, հիմնական նպատակը բարոյահոգեբանական ճնշումն է հայերի վրա»:

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի ուշադրությունից չի վրիպել ոչ միայն հարձակողական զենքի կիրառումը, այլ նաև այն, որ այս զորավարժություններին մասնակցելու է ոչ թե Բաքվի, այլ Նախիջևանի կայազորը։ Մի նրբություն, որը, ըստ մասնագետի, ուղիղ ակնարկ է. «Ռազմական համագործակցությունը նոր փուլ է թևակոխում, և այդ փուլը կոչվում է թուրք-նախիջևանյան համագործակցություն»:

Թուրքիայի և Ադրբեջանի նախորդ համատեղ զորավարժություններից մեկուկես ամիս անց Արցախում պատերազմ սկսվեց։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ այդ զորավարժություններից հետո Թուրքիան իր սպառազինության և խմբավորումների զգալի մասը թողեց Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական գործողության նախագծումը և իրագործումը համակարգելու համար:

Անգամ ռազմական գործողությունների դադարից հետո ամենաբարձր մակարդակով չի դադարում ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի դեմ։ Բավական է հիշել Բաքվի շքերթի ժամանակ ադրբեջանցի և թուրք առաջնորդների ելույթները. Ալիևը իր խոսքում հասավ Հայաստանի տարածք՝ Զանգեզուր, Երևան, Սևան, Էրդողանն էլ Հայաստանին խորհուրդ տվեց խելք հավաքել՝ ակնարկելով՝ սա չի նշանակում, թե պայքարն ավարտված է։

Արդյոք «Ձմեռ-2021» թուրք-ադրբեջանական զորավարժությունները կարող են դառնալ 44-օրյա պատերազմի ուղղակի շարունակություն, փորձագետների կարծիքներն այստեղ միանշանակ չեն։

Ռազմագետ Հովհաննիսյանը մտահոգվելու պատճառ տեսնում է, եթե դիվանագիտական խողովակներով չկանխվեն հետևանքները. «Գոնե այս դիվանագիտական ճանապարհով ուշադրություն գրավեն, որ տեղի են ունենում այս տեսակի ռազմական գործողություններին շատ ավելի նմանեցված զորավարժություններ, և որի նպատակը հենց կոնկրետ երրորդ երկիրն է, օրինակի համար Հայաստանի Հանրապետությունը: Այս առումով իսկապես մենք ունենք մտահոգվելու առիթ, և մենք պետք է գործենք դիվանագիտական ճակատում»:

Մինչդեռ թուրքագետ Իսպիրյանը վստահ է՝ արևմուտքի հետ խնդիրներ ունեցող Թուրքիան այսօր չի գնա արկածախնդրության։ Զորավարժությունները տեղի են ունենալու Գյումրիին մոտ, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան։ Թուրքագետ Իսպիրյանը վստահ է՝ նոր պատերազմը կլինի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ, ինչին Թուրքիան պատրաստ չէ, համենայն դեպս այսօր. «ՆԱՏՕ-ի հետ այո, ինքը ի վիճակի է պայքարել Ռուսաստանի դեմ, այսինքն` ՆԱՏՕ-ն կարող է, բայց Թուրքիան ինքնուրույն, գուցե ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներն ուշացնեն, և Թուրքիայի համար դա լինի ճակատագրական»:

Ի դեպ, երեկ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական հարցերով վերլուծաբան Ռիկարդ Յոզվիակը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն անկարող են շատ բան անել, երբ բանը հասնում է Թուրքիային։ Ըստ մասնագետի՝ թեպետ ամերիկյան նոր վարչակազմն ավելի խիստ կլինի Անկարայի նկատմամբ, այդուհանդերձ ժամանակներն անցել են, երբ Ամերիկան կարող էր ձեռքը սեղանին խփել և ստանալ ուզածը. «Մենք այժմ գտնվում ենք բազմաբևեռ աշխարհում, որտեղ ունենք շատ վստահ տարածաշրջանային խաղացողներ: Թուրքիան անկասկած դրանցից մեկն է, և նրանք գիտեն, թե ինչպես խաղալ այս խաղը, բայց գիտեն դա անել նաև Իրանը, Ռուսաստանը, մյուսները»:

Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են տարածաշրջանում դիրքավորվել և իրենց ատամները ցույց տալ։ Մասնագետների կարծիքներն այստեղ խաչվում են։ Թուրքագետ Իսպիրյանը վստահ է՝ այսօր Ռուսաստանն է դեռ թելադրողի դիրքերում, մինչդեռ ռազմագետ Հովհաննիսյանի կարծիքով` վերջին պատերազմի ընթացքը և ակնկալվող զորավարժությունները ռուսական կողմին այլ բան են հասկացնել տալիս. «Ռուսաստանն այնքան թուլացած չէ, որ Թուրքիան պատերազմ սկսի, գուցե մի օր, երբ աշխարհաքաղաքական իրադարձություններն այնպես զարգանան, որ Թուրքիան գտնի, որ նպաստավոր է հարձակվել Հայաստանի վրա, քանի որ Ռուսաստանն ունի խնդիրներ կամ ինչ-որ խնդիրների մեջ է, և Հայաստանն իր համար չի լինի առաջնային պաշտպանել, բայց այս պահին ինքը թույլ չի Ռուսաստանը»:

«Թուրքական կողմը հասկացնում է ռուսական կողմին, որ վերջիվերջո ինքն այս տարածաշրջանում այլևս իսկապես գերիշխող դիրք ունի, այս առումով իսկապես Ռուսաստանն անելիք ունի այստեղ, և պետք է Ռուսաստանը, կարծում եմ, նույնպես իրականացնի նմանատիպ զորավարժություն, հայ-ռուսական գոնե զորավարժություն և նույնպես ընդգրկի այն հատվածները, որ հատվածներն ըստ էության աշխարհագրորեն ընդգրկված են թուրք-նախիջևանյան զորավարժություններում», - նշեց Հովհաննիսյանը:

XS
SM
MD
LG