Միացյալ Նահանգների Սենատում հանրապետականները խնդրում են հետաձգել Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը մինչև փետրվարի կեսերը: Նրանք կարծում են, որ նախկին նախագահին պետք է ժամանակ տրամադրել պաշտպանությունը պատրաստելու համար։
Երեկ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ներկայացուցիչների պալատը կարող է արդեն այսօր Սենատ ներկայացնել նախկին նախագահի իմփիչմենթի հոդվածը, որը նախորդ շաբաթ հաստատվել է Կոնգրեսի ստորին պալատի օրենսդիրների մեծամասնության կողմից:
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ 45-րդ նախագահի գործողությունները տեղավորվում են «ծանր հանցագործություններ և արարքներ» սահմանադրական ձևակերպման մեջ։ Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն իր գործողություններով նպաստել է հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել։