Մատչելիության հղումներ

Եվրամիությունը և Թուրքիան բարելավելու են հարաբերությունները


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, արխիվ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում քննարկում է Եվրոպական միության հետ հարաբերությունները ճգնաժամից դուրս հանելու հնարավությունները:

2020-ը Անկարայի և Բրյուսելի հարաբերությունների առումով բարդ տարի էր: Միջերկրականի արևելյան հատվածում էներգակիրներ արդյունահանելու թուրքերի ծրագիրը Եվրոպան համարում է ոտնձգություն, քանի որ բնական գազ պարունակող այդ անդրջրյա տարածքին են հավակնում միության երկու անդամներ՝ Կիպրոսն ու Հունաստանը:

Թուրքիան անցյալ տարի գազ որոնող հետազոտական նավեր է ուղարկել Միջերկրական, ընդ որում դրանք վիճելի տարածք են հասել թուրքական ռազմանավերի ուղեկցությամբ:

Ի պատասխան դրան, Հունաստանն էլ է նավեր ուղարկել, դրանց միացել են հույներին սատարող ֆրանսիական ռազմանավերը: Առճակատման, այդ թվում` պատահական բախման վտանգն իրական էր:

Ենթադրվում է, որ կռվախնձորը միայն բնական գազը չէ, կան ավելի խորքային պատճառներ: Միջերկրականում կոշտ քայլերով Անկարան ոչ միայն շարունակում է պայքարը դարավոր մրցակից Հունաստանի հետ, այլև ազդեցությունն է տարածում Հյուսիսային Աֆրիկայի վրա:

2020-ին Բրյուսելի և Անկարայի հարաբերություններում առկա ճգնաժամը խորացել է նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականության հետևանքով: Եվ այնուամենայնիվ, Անկարան և Բրյուսելը ցանկանում են մեղմել կացությունը:

«2020 թվականը խնդրահարույց էր Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների համար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հռչակագրով երկու կողմերը դրսևորել են դրական օրակարգ հաստատելու քաղաքական կամք, ավելին, կողմերը հանդես են եկել փոխադարձ հայտարարություններով, որոնց նպատակն է առավել առողջ եղանակով բարելավել հարաբերությունները և ստեղծել լավ երկխոսության հնարավորություն, հենց այդ նպատակով էլ ես ժամանել եմ Բրյուսել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր ասել է, թե հարկ է կոնկրետ քայլերով խթանել Անկարայի և Բրյուսելի համագործակցությունը: Այդ մասին նա խոսել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից առաջ տեղի ունեցած համատեղ ասուլիսում:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն այսօր հույս է հայտնել, որ հույներն ու թուրքերը կվերսկսեն Միջերկրականում գազի արդյունահանման շուրջ բանակցությունները:

«Մենք վճռականորեն ցանկանում ենք տեսնել կայուն դեէսկալացիա ոչ միայն Միջերկրականի արևելյան հատվածում, այլև ավելի ընդարձակ տարածաշրջանում»,- ասել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նրա խոսքերով, այսօր ակնհայտ է մթնոլորտի բարելավում: Բորելը նշել է նաև, որ Եվրամիությունը մտահոգված է մնում Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում և այն չի անտեսի բանակցություններում:

Ենթադրվում է, որ բանակցությունների առանցքային թեմաններից մեկը կլինի միգրանտների խնդիրը: Թուրքիայում են ապաստանել Եվրոպա հասնելու մասին երազող միլիոնավոր փախստականներ Հյուսիսային Աֆրիկայից:

Նրանց պահելու և Եվրոպա չթողնելու կարողությունը թուրքերի համար լուրջ լծակ և հաղթաթուղթ է Բրյուսելի հետ հարաբերություններում:

XS
SM
MD
LG