Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ Արման Թաթոյանի` այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի:
ՄԻ պաշտպանը հաղորդագրությամբ ներկայացրել է, որ իր այս հետևությունը հիմնված է մի քանի գործոնների վրա, ինչպես օրինակ` ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո, «Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է Թուրքիայի նախագահը»: Ըստ ՄԻՊ-ի` Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք ու դա անում են Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով։
Բացի այդ, ինչպես շեշտում է Արման Թաթոյանը, սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ:
«Լրջորեն վտանգվել են մարդկանց կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքներ: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխայի լավագույն շահը:
Սահմանների որոշումը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, այն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից մեր երկրի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի ու ցեղասպանության բացահայտ սպառանալիքների ներքո, հետևաբար՝ հակասում է իրավունքի գերակայության հիմքերին ու չունի որևէ լեգիտիմություն», - նշում է նա: