Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմն այսօր մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Պաշտպան Միհրան Պողոսյանի պնդմամբ՝ դատախազն իր քար լռությամբ թույլ է տվել նախաքննական մարմնի կողմից անօրինականությունների իրականացմանը։ Ասաց նաև՝ տպավորություն է, որ դատախազը դիտավորությամբ է ներգրավվել այս գործընթացի մեջ, քանի որ Հրայր Թովմասյանի նկատմամբ ունի ոչ բարյացակամ վերաբերմունք։
Մարգարյանի վարքագիծը, փաստաբանի խոսքով, որպես դատախազի բացառում է վերջինիս մասնակցությունը սույն վարույթում։ Պողոսյանը, օրինակ բերելով, ասաց՝ դատախազը դատական նիստերի ընթացքում իրեն թույլ է տվել փողոցային խոսելաձև։
Ասաց՝ վերջինս չի կարող լինել օբյեկտիվ և անաչառ դատախազ. «Ո՞նց եք պատկերացնում էլի, պարոն Մարգարյանին, եթե ակնհայտ է, որ այս քրեական գործով վարույթը վերանալու է քաղաքական իշխանության ցանկացած փոփոխության պարագայում, որովհետև այս նախաձեռնությունը մեկ կենտրոնից իրականացվել է մեկ նպատակի համար, և ցանկացած փոփոխության պարագայում այս վարույթն արդեն վերանալու է, հիմա եթե մենք օբյեկտիվ քննություն ենք անում, ակնհայտ է, որ այս պահի դրությամբ արդեն պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր: Ի՞նչ պետք է լինի, որ պարոն Մարգարյանն այս բոլոր հանգամանքների առկայության պարագայում, երբ որ հանձն է առել գլխավոր դատախազությունը ապօրինությունների պահպանմանը, ի՞նչ պետք է լինի, որ պարոն Մարգարյանը իրեն դրսևորվի որպես օրենքի պահապան, և գա, էս անօրինական մեղադրանքից հրաժարվի»:
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Քրեական գործը վերաբերում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործընթացին։
«Դատախազությունը պետք է շահագրգռված լինի արդարադատության բացահայտմամբ, և դատախազությունը մասնավոր մեղադրող չէ, որ ունենա կոնկրետ շահեր»,- այսօր դատարանում ասաց Հրայր Թովմասյանը. «Այն վարքագիծը, այն պահվածքը, այն ձայնի տեմբռը, որ ես այստեղ տեսնում եմ դատախազների, տղերք, եկել եք էստեղ` ի՞նչ անեք, եկել եք, ո՞ւմ մեղադրեք, էս ի՞նչ եք անում, սրա վերջը ո՞րն ա, մի հատ եկեք նայենք, թե ինչ է կատարվում, ներքին համոզմունք չունե՞ք, էս գործի վերջը ձեզ էլ է հայտնի, բոլորին է հայտնի, էլ մարդ չկա, որ հայտնի չլինի: Ինձ` որպես իրավաբան ձևավորելու ընթացքում երկու մարդ է ինձ` որպես իրավաբան կերտել` Հենրիկ Խաչատրյանն է եղել և Վլադիմիր Նազարյանը: Երկուսն էլ կյանքի տարբեր ժամանակահատվածում ղեկավարել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, եղել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազներ: Հիմա պիտի առանձնացնեմ զրույցներից, որ եղել է Հենրիկ Խաչատրյանի հետ: Զրույցի ժամանակ մի բան ասաց, որը այդ փուլում անկեղծ ասած` չէի հասկանում: Ասաց` այն դատախազը, որը սխալ մեղադրանք կառաջադրի, արդար մարդուն կպատժի, իրավունք չունի աշխատելու, այն դատախազը, որը չի կարողանա, բայց մեղավորին չի կարողանա պատշաճ մեղադրանք առաջադրել, միգուցե կարելի է ներել: Եվ ասաց` որ փուլում որ դատախազությունը սկսեց գործ կարել, այդ փուլում պետությունն ավարտվում է: Ես անկեղծ ասած` չէի հասկանում դա, չէի գիտակցում, որ ես այդ փաստը կզգամ իմ մաշկի վրա դրանից երևի 20-25 տարի»:
Պաշտպանների խոսքով` այս քրեական գործն ամբողջովին քաղաքական է. «Ոչ թե քրեական գործ է, այլ քաղաքական հետապնդում է»:
Մեղադրող Արսեն Մարգարյանն էլ ասաց՝ ներկայացված միջնորդությունը անհիմն է և ենթակա է մերժման. «Ցանկանում եմ նշել, որ Հրայր Թովմասյանը ինչ-որ բանում չի մեղադրվում, այլ նրան առաջադրված է կոնկրետ մեղադրանք։ Եվ այդ մեղադրանքի հիմնավորումները ներառված են մեղադրական եզրակացությունում»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը: