Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքի հետ հանդիպմանը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է, և այդ պետությունը չի կարող լինել մշակութային ու կրոնական հուշարձանների պատշաճ պահպանության երաշխավորը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ շեշտելով, որ հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է, ինչը նաև համապատասխան միջազգային իրավական գործիքների կոպիտ ոտնահարում է:
«Հայկական հազարավոր կրոնական և աշխարհիկ հուշարձանները արարվել են Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ և որևէ առնչություն չունեն ադրբեջանական ինքնության հետ: Այդ հուշարձանները հայ ժողովրդից օտարելու փորձերը չունեն ոչ մի պատմական, դավանաբանական և բարոյական հիմնավորում:
Հատկանշական է, որ ‹‹աղվանացման թեզը›› Ադրբեջանն առաջ է քաշել նաև Նախիջևանի հայկական խաչքարների ոչնչացումն արդարացնելու նպատակով, ինչը ցույց է տալիս հայկական հուշարձանների ինքնության ոչնչացման և խեղաթյուրման գործելակերպի վտանգավորությունը:
Հայկական կամ տարածաշրջանի այլ ժողովուրդների քրիստոնեական ժառանգությունն աղվանական ներկայացնելու կեղծ գիտական թեզը Ադրբեջանից դուրս որևէ լուրջ շրջանառում չունի և ընկալելի չէ միջազգային ակադեմիական հանրության համար», - նշել է Նաղդալյանը։
Հունվարի 13-ին ԻՍԵՍԿՕ-ի՝ Կրթության, գիտության և մշակույթի հարցերում իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի հետ հանդիպման ժամանակ Ալիևը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, մասնավորապես հայտարարել է, թե հայերը «փոխել են մեր քաղաքների և գյուղերի անվանումները, փոխել են նույնիսկ քրիստոնեական կրոնական հուշարձանների ծագումը», «փոխել են հին ուդիների կրոնական ժառանգության ծագումը», «հին Կովկասյան Աղվանքի եկեղեցիները վերածել են հայկական եկեղեցիների»։
Հատկանշական է, որ Ալիևը հայտարարությունն արել է Կրթության, գիտության և մշակույթի հարցերում իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի ներկայությամբ և փորձել է կրոնական երանգ տալ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, նշում է Հայաստանի ԱԳՆ խոսնակը։
«Խաթարելով միջազգային հանրության ջանքերը` ուղղված Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը՝ Ադրբեջանը շարունակական խնդիրներ է ստեղծում միջազգային մասնագիտական կառույցների, նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար մուտք գործելու տարածաշրջան՝ վերջինիս մեղադրելով կողմնապահության մեջ: Այնինչ իրականում Ադրբեջանն է անպատասխանատու կերպով շահարկում կրոնական գործոնն այն պարագայում, երբ Հայաստանը մշտապես հանդես է եկել միջկրոնական երկխոսության և քաղաքակրթական համագործակցության դիրքերից՝ մշակութային ժառանգությունը համարելով համամարդկային և համընդհանուր արժեք:
Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարևոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Այս համատեքստում Ադրբեջանի ղեկավարությունը և պետական քարոզչամեքենան պետք է անհապաղ վերջ դնեն հայկական եկեղեցիների ինքնության յուրացման և խեղաթյուրման դատապարտելի մոտեցմանը և առնվազն ցուցաբերեն պատշաճ հարգանք մշակութային և կրոնական կոթողների նկատմամբ:
Հայ ժողովրդի մշակութային արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը չեն նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։ Այս առումով կրոնական սրբավայրերի պատշաճ պահպանությունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր տեսակետից կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում խաղաղության համար», - ասված է Հայաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությունում։