Մատչելիության հղումներ

Ըստ «Կոմերսանտ»-ի, երկաթգիծը առավել ձեռնտու է Ադրբեջանին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսական մամուլն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի օրակարգի թեմաներին։ Ռուսական աղբյուրները գրում են, որ աշխատանքային խմբի օրակարգում առաջնայինը խորհրդային տարիներին գործող երկաթգծի վերականգնումն է։

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան, Երևանը և Բաքուն կձևավորեն Լեռնային Ղարաբաղի վերականգնման և հետագա զարգացման աշխատանքային խումբ։ Մոտ ժամանակներս երկրների փոխվարչապետները կներկայացնեն տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի և տնտեսության զարգացման կոնկրետ ծրագրեր։ Առաջին նիստը տեղի կունենա մինչև հունվարի 30-ը։

«Կոմերսանտ»-ը ներկայացրել է այդ երկաթգծի քարտեզը։ Այն անցնում է հայ - իրանական սահմանով և թույլ է տալիս ոչ միայն Ադրբեջանը կապել Նախիջևանի և Թուրքիայի հետ, այլ նաև Հայաստանը՝ Ռուսաստանի։ Ճանապարհի մեծ մասն անցնում է Ադրբեջանի տարածքով և բավականին երկար է։ Ռուսաստանում եռակողմ հանդիպման կուլիսներում խոսում էին այն մասին, որ Մոսկվան քննարկում էր Հայաստանը Ռուսաստանի հետ կապող մեկ այլ տրանսպորտային միջանցք ևս, շատ ավելի կարճ, որ անցնում է Ադրբեջանի հյուսիսային հատվածով։ Սակայն այս մասին ավելի մանրամասն ու հստակ տեղեկություն դեռ չկա։

Ինչ վերաբերում է «Կոմերսանտ»-ի ներկայացրած երկաթգծին՝ ռուսաստանցի մասնագետները նշում են, որ թե՛ տնտեսական առումով, թե՛ անվտանգության առումով այն այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին։ Եվ հայտնի չէ, թե երբ և ինչ պայմաններում Երևանը կկարողանա այդ երկաթգծից օգտվել։ Ռուսաստանցի փորձագետները գրում են, որ ապագայում Ռուսաստանը կարող է ռազմական բեռներ տեղափոխել այս երկաթգծով։ Մասնավորապես, «Ռիա Նովոստի»-ն, հղում անելով ռուսաստանցի փորձագետ Նուրլան Գասիմովին, գրում է՝ ճանապարհների բացումից կշահեն բոլոր երեք երկրները ։

«Նախկինում Ռուսաստանի և Հայաստանի կապն իրականացվում էր օդով կամ Վրաստանի տարածքով, Վերին Լարսով, որը պարբերաբար անհասանելի է։ Այժմ երկրները ցամաքային հաղորդակցություն են ստանում։ Դա կարևոր է Հայաստանի համար՝ որպես ԵՏՄ առևտրային դաշինքի անդամ։ Եվ ռուսական ռազմաբազայի համար. բեռները պետք չի լինի տեղափոխել միայն ինքնաթիռներով», - բացատրում է Գասիմովը։

Ընդ որում, նա ընդգծում է, թե Ադրբեջանը Ռուսաստանից ռազմական տարանցումը չի գնահատում որպես սպառնալիք իր համար։ Մինչդեռ ակնհայտ է, որ ռազմական նոր գործողությունների դեպքում Ադրբեջանը թույլ չի տա Ռուսաստանին ռազմական բեռներ տեղափոխել իր տարածքով։ Իսկ խաղաղ ժամանակ էլ կվերահսկի դեպի Հայաստան գնացող բոլոր բեռները։

Հիշեցնենք՝ վերջին տարիներին ակտիվ քննարկվում էր Ռուսաստանը Հայաստանի հետ կապող վրացական երկաթգծի հարցը, սակայն վրացական կողմը հայտարարել էր, որ հարցը այլևս չկա Թբիլիսիի օրակարգում։ Վրաստանի տարածքով Ռուսաստանը Հայաստանին կապող երկաթգիծը պետք է անցնի Աբխազիայի տարածքով, վրացական իշխանությունները երկաթգծի վերաբացումը նպատակահարմար չեն համարում, Մոսկվայում, թեև այս թեման պարբերաբար բարձրաձայնվում է տարբեր հարթակներում։

«Լենտա․ռու»-ն էլ գրում է՝ մարտի 1-ին եռակողմ աշխատանքային խումբն արդեն պետք է ներկայացնի տարածաշրջանի վերականգնման միջոցառումների իրականացման ժամանակացույցը։ Գերակայությունն առայժմ տրվում է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությանը և նրա անվտանգությանը:

Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը հայտարարել էր, թե կարևորն այն է, որ այդ ճանապարհի օգնությամբ Բաքուն 30 տարվա ընթացքում առաջին անգամ տրանսպորտային կապ կունենա իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Բացի այդ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է՝ նոր մայրուղու շնորհիվ Ադրբեջանը կստանա Թուրքիայի հետ հաղորդակցության նոր ուղի, իսկ Հայաստանը՝ հաղորդակցություն Իրանի և Ռուսաստանի հետ, ինչպես նաև Թուրքիայի հետ, հետևաբար Երևանը ելք կունենա նոր շուկաներ:

«Կոմերսանտ»-ը գրում է, որ տեսականորեն այս նոր երկաթուղային ճանապարհը ձեռնտու է Հայաստանի համար, քանի որ ղարաբաղյան հակամարտության հետևանքով Հայաստանի երկաթուղիները դե ֆակտո կրճատվել են մինչև Երևանը Թբիլիսիին կապող փոքր հատված։ Հայաստանի համար լուրջ օգնություն կարող էր լինել Իրանի հետ տնտեսական կապերի ընդլայնումը, բայց դա էլ մինչև հիմա անհնար էր՝ հաշվի առնելով, որ երկրները կապում է միայն մեկ լեռնային ճանապարհ։

Այսպիսով, Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է բավարարի բոլոր երեք կողմերին՝ Ադրբեջանին պետք է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ Թուրքիա և Հայաստան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստան և Իրան։ Բայց դե ֆակտո բանակցությունների արդյունքում հաղթող իրեն զգում էր միայն Իլհամ Ալիևը, եզրակացնում է «Կոմերսանտ»-ը։

XS
SM
MD
LG