Սիրիա, Եգիպտոս, Լիբիա, Իրաք, Միացյալ Նահանգներ, Գերմանիա, Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս. սրանք այն երկրներն են, որոնց հետ միայն վերջին մեկ տարվա ընթացքում «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը որդեգրած Անկարան առճակատման մեջ էր։
Այդ երկրների աշխարհագրությունն ամբողջացրեց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող մեկ այլ հարևան՝ Հայաստանը։ Տասնամյակներ անց Թուրքիան վերադարձավ Հարավային Կովկաս՝ իր հետ բերելով սիրիացի գրոհայիններ, «Բայրաքթար»-ներ ու գերժամանակակից այլ մահաբեր սպառազինություն՝ կիրառելու Ադրբեջանի հետ հակամարտող Հայաստանի դեմ։
Թուրքիայի ակնհայտ ու անհերքելի աջակցությամբ և մասնակցությամբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։
Sahada ve masada
«Եղբայրական սիրուց» դրդված, թե տարածաշրջանում ներկայություն ապահովելու նպատակով ամիսներ շարունակ Թուրքիան անթաքույց Ադրբեջանին նախապատրաստում էր պատերազմի՝ զուգահեռաբար կոշտացնելով սեփական հռետորաբանությունը հայկական կողմի նկատմամբ, առավել հաճախ և ավելի սաստիկ կսկիծով խոսելով ադրբեջանական կորսված տարածքների մասին։
«Ադրբեջանը 30 տարի սպասել է այս խնդրի լուծմանը, այժմ նա դա կանի ինքնուրույն։ Հայաստանի կողմից օկուպացված տարածքների անհապաղ ազատագրումը խաղաղության և կայունության ճանապարհ կբացի տարածաշրջանում», - հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Թուրքիան ղարաբաղյան հակամարտությունում միշտ էլ դերակատարություն ունեցել է. զենքի վաճառք Ադրբեջանին, ադրբեջանցի զինվորականների պատրաստություն, մշտական դիվանագիտական աջակցություն։ Այս անգամ, սակայն, Էրդողանի մտադրությունները ավելի հեռուն էին գնալու․ նա և նրա վարչակազմը ուղիղ հայտարարում էին՝ ցանկանում են ջարդել հինը և սահմանել նորը, իսկ «նոր» ասելով նկատի ունեին ներկայությունը տարածաշրջանում․ sahada ve masada («և՛ մարտի դաշտում, և՛ սեղանի շուրջ») թուրքերեն բառակապակցությունը Թուրքիայի արտգործնախարարը պատերազմի մեկնարկից ի վեր կրկնում էր իր գրեթե յուրաքանչյուր ելույթում։
1994 թվականին Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատումից հետո կազմավորված ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիան 11 անդամներից մեկն է։ Ի սկզբանե Հայաստանը դեմ էր Թուրքիայի ներկայությանը, Ադրբեջանը՝ կողմ: Իր հերթին, Բաքուն դեմ էր Ֆրանսիայի և Իտալիայի անդամակցությանը, երկար քննարկումներից հետո, ի վերջո, խումբը ներկայիս կազմով ձևավորվեց՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա... Տասնամյակներ շարունակ գերտերությունները, ինչպես նաև միջազգային կառույցները պնդում էին՝ խնդրի կարգավորմամբ զբաղվող միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և միջնորդական այս ձևաչափը փոխելու փորձերը կարող են է՛լ ավելի բարդացնել իրավիճակը: 26 տարի անց Լեռնային Ղարաբաղում վերսկսված այս պատերազմում Թուրքիայի անթաքույց աջակցությունը վայելող Բաքուն, ինչպես նաև Անկարան սկսեցին պահանջել փոխել Մինսկի խմբի ձևաչափը և բանակցություններին մասնակից դարձնել Թուրքիային:
«Մինսկյան եռյակը, որը գրեթե 30 տարի շարունակ աջակցել է իր անփույթ դիրքորոշմանը, ցավոք, հակված չէ խնդրի լուծմանը»,-պատերազմի առաջին օրերին հայտարարում էր Թուրքիայի առաջնորդը։
Հարավային Կովկասն իր ազդեցության գոտի համարող Ռուսաստանը, որը նաև Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է, չցանկացավ բացեիբաց առճակատման մեջ մտնել Անկարայի հետ, որի հետ արդեն հակադիր ճամբարներում էր Սիրիայում, Լիբիայում և Ղրիմի հարցում։ Կրեմլը որոշեց Անկարային դատապարտողի դերը զիջել արևմտյան երկրներին։
«Ես լսում եմ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները [ի պաշտպանություն Ադրբեջանի], ինչն, ըստ իս, անխոհեմ է և վտանգավոր», - հայտարարում էր Ֆրանսիայի նախագահը՝ նշելով նաև, որ Անկարայի նման պահվածքն «անընդունելի է»։
Անկարան, սակայն, ամենևին էլ չսահմանափակվեց սադրիչ և ճգնաժամը խորացնող հայտարարություններով։ Անխախտ հավատարմությունը Ադրբեջանին նախ և առաջ արտահայտվեց թուրքական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերի, կենդանի ուժի տեսքով՝ ի դեմս հարյուրավոր սիրիացի գրոհայինների, որոնք ուղարկվեցին ռազմի դաշտ ադրբեջանական բանակի շարքերում հայերի դեմ կռվելու նպատակով։ Այդ փաստը հաստատեցին Ֆրանսիայի, Ռուսաստանի իշխանությունները, չհերքեց նաև պաշտոնական Վաշինգտոնը, տարբեր հեղինակավոր լրատվամիջոցների պատմեցին անձամբ վարձկանները։
Ոչ թե խաղաղություն կամ բանակցություններ, այլ հաղթանակ
Սեպտեմբերի 27-ից մի քանի օր անց այլևս պարզ էր՝ Թուրքիան ավելին է ցանկանում, քան պարզապես աթոռ բանակցային սեղանի շուրջ։ Ավելի ուշ ռուսաստանյան "Коммерсантъ" պարբերականը, վկայակոչելով ռազմաքաղաքական իր աղբյուրը, մանրամասն նկարագրեց, թե երբ և ինչպես է Թուրքիան նախագծել, ապա՝ սադրել, այնուհետև՝ աջակցել Բաքվին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Դեռևս հուլիսին Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններից հետո Թուրքիան իր խմբավորումների զգալի մասը թողեց Ադրբեջանում՝ հարձակողական գործողության նախագծումը և իրագործումը համակարգելու համար:
Շուրջ 600 թուրք զինծառայող տեղաբաշխվեց Նախիջևանում, Բաքվում, Գաբալայում, Եվլախում՝ զինված գործողությունների ընթացքում կորպուս- գլխավոր շտաբ շղթայի կապը ապահովելու նպատակով։
"Коммерсантъ"-ը թվարկել է նաև Թուրքիայից Ադրբեջան տեղափոխված զիտեխնիկան՝ 18 ՀՄՄ համազարկային կրակի հրթիռային 1 կայանք, 10 միավոր ավտոտեխնիկա, 34 միավոր ավիացիոն տեխնիկա (ներառյալ՝ 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք), որոնք պետք է ապահովեին ռազմական հետախուզությունը:
Թերթը պարզել է նաև, որ դեկտեմբեր- հոկտեմբերին կտրուկ աճել է Թուրքիայից դեպի Ադրբեջան ռազմական օդուժի թռիչքների քանակը: Միայն սեպտեմբերին Թուրքիայից Ադրբեջան է ուղևորվել երեք ռազմական ինքնաթիռ: Սեպտեմբերի 28-30-ը Ադրբեջան էին այցելել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյուդարը և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, որոնք, ըստ "Коммерсантъ"-ի աղբյուրի, տեղում իրականացրել էին ռազմական գործողությունների ընթացքի ընդհանուր կառավարումը:
Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 3-ին Թուրքիայից Ադրբեջան է ուղևորվել նաև դեղորայքով և զինամթերքով բեռնված երեք ինքնաթիռ: Ռուսաստանյան պարբերականը նաև հայտնել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայում և Լիբիայում հավաքագրված մոտ 1500 զինյալ է տեղակայվել Թերթերի և Բայանդուրի շրջաններում և Ջաբրայիլի ուղղությամբ:
«Մենք աջակցում ենք եղբայրական Ադրբեջանին բոլոր հնարավոր միջոցներով և կշարունակենք աջակցել։ Այդ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Ղարաբաղը չազատագրվի օկուպացիայից», - հայտարարում էր Էրդողանը:
Երկու պետություն, մեկ հաղթանակ
Մինչ աշխարհի տասնյակ երկրներ իրար հերթ չտալով կոչ էին անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում, կանխել մարդասիրական աղետը, խնդիրը լուծել երկխոսության ճանապարհով, Անկարան չէր թաքցնում՝ դեմ է պատերազմը դադարեցնելուն։
«Անթույլատրելի է, որ այժմ Մինսկի խումբը պահանջում է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։ Նրանք պետք է նախ Հայաստանից պահանջեին դուրս գալ Լեռնային Ղարաբաղից», - հերթական ելույթներից մեկում պնդում էր Էրդողանը, վերահաստատելով՝ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքի հիման վրա։
Թուրքական աջակցությունը, մինչդեռ, պայմանավորված չէ բացառապես էթնիկ հարազատությամբ։ Բացի երկու երկրների միջև մշակութային, լեզվական կապից, Անկարան և Բաքուն ակտիվ համագործակցում են ռազմական արդյունաբերության ոլորտում, էներգառեսուրսներով հարուստ Ադրբեջանն, իր հերթին, վճռորոշ նշանակություն ունի Թուրքիայի էներգետիկ անվտանգության համար և թուրքական հիվանդ տնտեսության ամենախոշոր ներդրողներից մեկն է։
Ադրբեջանից Թուրքիա գազի արտահանումը 2020 թվականի առաջին կիսամյակում աճել է 23 տոկոսով, Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ SOCAR-ը դարձել է Թուրքիայի ամենախոշոր արտասահմանյան ներդրողը։
Անկարայի ջանքերը Բաքվում բարձր գնահատեցին։ Ադրբեջանում ամենուրեք ծածանվող թուրքական դրոշների ֆոնին ադրբեջանցի պաշտոնյաները պատերազմի առաջին օրերից անխնա երախտագիտություն էին հայտնում եղբայրական Թուրքիային՝ անսահման աջակցության համար։
«Ձեր շատ բաց և կոշտ հայտարարություները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանը միայնակ չէ իր արդարացի գործում», - հայտարարում էր Իլհամ Ալիևը։ Իր հաջորդ ելույթներում արդեն Ադրբեջանի նախագահը պահանջ էր առաջ քաշում՝ Թուրքիան անպայման պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ «Թուրքիան ուժեղ պետություն է՝ օժտված հսկայական ներուժով, մեր հարևանը, Հայաստանի հարևանը, Հարավային Կովկասի հարևանը։ Այդ իսկ պատճառով, Թուրքիան պետք է ակտիվ լինի այդ գործերում։ Հետագա խաղաղ գործընթացում Թուրքիան անպայման պետք է մասնակցի», - շեշտում էր Ալիևը։
44-օրյա պատերազմի ընթացքում թուրք պաշտոնյաների ամենօրյա շփումները Ռուսաստանի, Ադրբեջանի իշխանությունների հետ, այցերը Բաքու և Մոսկվա վկայում էին հակամարտության գործընթացում Անկարայի դերակատարության մասին։ Մամուլը գրում էր, որ Թուրքիան այլևս Ռուսաստանի հետնաբակում է, միայն թե անհասկանալի է՝ ի՞նչ կարգավիճակում, ինչի՞ դիմաց և ինչո՞ւ է Մոսկվան հանդուրժում իր ազդեցության գոտում Անկարայի ներկայությունը։
Մինչև պատերազմի վերջին օրը այդ հարցի պատասխանը չկար, Թուրքիայի մասին որևէ խոսք չկար նաև Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության տեքստում։ Փաստաթղթում շարադրված 9 կետերից և ոչ մեկում Թուրքիա բառը հիշատակված չէ։
Ադրբեջանի նախագահը, այդուհանդերձ, համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարեց՝ խաղաղության պահպանմանը նաև Թուրքիան է մասնակցելու։
«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ հակամարտության քաղաքական կարգավորմանը ակտիվորեն մասնակցելու համար։ Այսօրվա փաստաթղթի կետերից մեկն էլ սահմանում է ռուս-թուրքական խաղաղապահ առաքելության ստեղծում, որով տարածաշրջանում փոխգործակցության բոլորովին նոր ձևաչափ է ստեղծվում և՛ այս հակամարտության կարգավորման, և՛ հետագա զարգացման համար», - հայտարարում էր Ալիևը։
Հայաստանի կառավարությունը թուրք խաղաղապահների տեղակայման հաղորդումները չի հաստատել։ Ռուսաստանի նախագահի խոսնակը ևս հավաստել է, որ Ղարաբաղում թուրք զինվորներ չեն տեղակայվելու, միաժամանակ չի բացառել, որ թուրքական կողմը կարող է հրադադարի վերահսկմանը մասնակցել։
Շաբաթներ տևած իրարամերժ լուրերից և շահարկումներից հետո ի վերջո պարզ դարձավ՝ թուրքերն ու ռուսները պայմանավորվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծել։ Կողմերը, սակայն, դեռ չեն հստակեցնում՝ քանի թուրք զինվորականներ են լինելու այնտեղ և ինչ գործառույթներ են ունենալու։
Թուրքիան Ադրբեջանի հետ միասին «վայելում է» հաղթանակը
Շուրջ վեց շաբաթ տևած արյունալի պատերազմում «երկու պետություն, մեկ ազգը» հաղթանակը տոնեց զինվորական շքերթով։ Ադրբեջանցի զինվորականների հետ դրան մասնակցում էին նաև հարյուրավոր թուրք զինվորականներ, Բաքվի կենտրոնական «Ազադլըղ» հրապարակում ցուցադրվեցին նաև թուրքական արտադրության անօդաչուն թռչող սարքերը և այլ սպառազինություն, որոնք վճռորոշ դերակատարություն ունեցան Ղարաբաղյան պատերազմում։ Սիրիացի վարձկանների ջոկատը զորահանդեսին ներկայացված չէր ․․․
Փոխարենը՝ շքերթի պատվավոր հյուրն էր Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Էրդողանը շքերթի բարձր ամբիոնից հայտարարեց. - «Ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է»։
«Հայաստանը պետք է խելքը գլուխը հավաքի։ Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը իրենց ժողովրդին հասցրել են դժբախտության։ Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից, ապա տարածաշրջանում կսկսվի նոր դարաշրջան», - ասաց Թուրքիայի նախագահը։ Հաղթական այդ ելույթում Թուրքիայի առաջնորդը նաև կոչ արեց Երևանին ջանքեր գործադրել Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու համար՝ հակառակ դեպքում Հայաստանին սպառնում է «Ադրբեջանի երկաթյա բռունցքը»։
Հ․Գ․ ՆԱՏՕ-ի անդամ և Եվրամիությանն անդամակցության ձգտող Անկարան պատերազմում անմիջական մասնակցություն ունենալու, սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ղարաբաղ ուղարկելու, ինչպես նաև ռազմատենչ ու սադրիչ հայտարարությունների համար մինչ օրս որևէ պատասխանատվության չի ենթարկվել, որևէ երկիր Թուրքիայի դեմ պատժամիջոց չի սահմանել։ Աշխարհի պետությունները Էրդողանի վարչակազմի անընդունելի քայլերին արձագանքել են բացառապես բանավոր հայտարարություններով։